Լարված վերջաբան Լոնդոնում?

Լարված վերջաբան Լոնդոնում?

20/06/2020 - 01:43

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Խաղի մեկնարկում զգացվում էր, որ կողմերը ավելի քան երեք ամիս որևէ հանդիպում չեն անցկացրել լուրջ մակարդակով, ինչն էլ նպաստեց, որ մոտ 20 րոպե որևէ վտանգավոր պահ չկար խաղում։

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին «Յունայթեդի» ֆուտբոլիստները, երբ 21-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի կատարած փոխանցումից հետո «Տոտենհեմի» պաշտպան Դավինսոն Սանչեսը անհաջող հեռացրեց գնդակը, և այն հայտնվեց Մարկուս Ռեշֆորդի մոտ, ում մեկ հպումով կատարած հարվածից հետո Ուգո Լյորիսը փրկեց իր թիմին։

Հանդիպման 27-րդ րոպեին «շնաձկներին» հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Տանտերերը նետվեցին արագ հակագրոհի, ինչի արդյունքում Սերժ Օրյեն փոխանցում կատարեց դեպի Սթիվեն Բերգվեյնը, ով գրեթե դաշտի կենտրոնից շարժվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ և դարձավ գոլի հեղինակ՝ ճանապարհին շրջանցելով մրցակցի երեք պաշտպաններին։

Այդ գոլից հետո 31-րդ րոպեին Ժոզե Մոուրինիոյի սաները մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Հին Մին Սոնի գլխով կատարած հարվածից հետո հիանալի սեյվի հեղինակ դարձավ Դավիդ դե Խեան։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ «Յունայթեդի» ֆուտբոլիստների թելադրանքով՝ փորձելով փրկվել պարտությունից, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաների անցկացրած գրոհներն այդքան էլ վտանգավոր չէին։

Ամեն դեպքում, 81-րդ րոպեին հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ Փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբան աջ եզրում հիանալի անցում ձեռնարկեց, որն ավարտվեց նրա նկատմամբ կանոնների խախտմամբ։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։

Խաղավարտին մոտ՝ 90-րդ րոպեին, գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը ևս մեկ 11 մետրանոց հարված նշանակեց «Տոտենհեմի» դարպասին։ Ըստ Մոսի՝ Էրիկ Դայերը կանոնների խախտում էր թույլ տվել Բրունո Ֆերնանդեշի նկատմամբ, սակայն VAR-համակարգի սենյակում նստած մրցավարները հուշեցին, որ կանոնների խախտում չկար, և 11 մետրանոցը չեղարկվեց։

90+6-րդ րոպեին էլ աչքի ընկնելու լավ պահ ձեռքից բաց թողեց Մեյսոն Գրինվուդը, սակայն երիտասարդ հարձակվողի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի դիմային գծից։

Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Արդյունք, որը ձեռնտու չէ երկու կողմերին էլ, որոնք պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին» զիջելով 2 միավոր։ «Չելսին» իր հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ հյուրընկալվելով «Աստոն Վիլլային»։ «Տոտենհեմը» 42 միավորով 8-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023