Ինտերը կես քայլ է հեռու չեմպիոնությունից🎥

Ինտերը կես քայլ է հեռու չեմպիոնությունից🎥

25/04/2021 - 19:44

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկու կողմերն էլ մոտ էին հաշիվը բացելուն։

18-րդ րոպեին «Ինտերի» լատերալ Աշրաֆ Հակիմին հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանայաին հրապարակ և հարվածեց, սակայն «Վերոնայի» դարպասապահ Մարկո Սիլվեստրին փրկեց իր թիմին։

25-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն մոտ էին հյուրերի ֆուտբոլիստները։ Նախ Դանիել Բեսայի հարվածից հետո «ներաձուրիներին» փրկեց Սամիր Հանդանովիչը, ապա վրա հասած Ֆեդերիկո Դիմարկոյի հարվածը բարձր ստացվեց։

Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած՝ Անտոնիո Կոնտեի սաները քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը։

64-րդ րոպեին քիչ մնաց հաշիվը բացեր Լաոտւարո Մարտինեսը, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո կրկին փայլեց «Վերոնայի» դարպասապահ Սիլվեստրին։

70-րդ րոպեին Աշրաֆ Հակիմիի իրացրած տուգանային հարվածից հետո էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

Միլանյան ակումբի ճնշումը 76-րդ րոպեին, ի վերջո, տվեց իր արդյունքը, քանի որ Հակիմիի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Մարկո Դարմիանը բացեց խաղի հաշիվը։

Խփած գոլից հետո «ներաձուրիները» հանգստացրին խաղն ու այն մոտեցրին իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Ինտերը» 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ, վաստակեց 79 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ևս մեկ քայլով էլ մոտենալով բաղձալի չեմպիոնությանը։

«Ներաձուրիները» 13 միավորով գերազանցում են մոտակա հետապնդողներ «Միլանին» և «Յուվենտուսին»։ «Ռոսոներիներն» ընթացիկ տուրում դեռևս իրենց հանդիպումը չեն անցկացրել։ Ստեֆանո Պիոլիի թիմը ապրիլի 26 հյուրընկալվելիս կմրցի «Լացիոյի» դեմ։

Ինչ վերաբերում է «Վերոնային», ապա Իվան Յուրիչի թիմը մնաց 41 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023