Լուկակուն Ինտերին ևս մեկ քայլով մոտեցրեց Սկուդետոյին🎥

Լուկակուն Ինտերին ևս մեկ քայլով մոտեցրեց Սկուդետոյին🎥

04/04/2021 - 00:38

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման մեկնարկում միլանյան ակումբը վերահսկում էր խաղի ընթացքը և 31-րդ րոպեին Ռոմելու Լուկակուի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Բելգիացի հարձակվողն Ա սերիայի ընթացքում մրցաշրջանում խփեց իր 20-րդ գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ «Յուվենտուսի» գոլահար Կրիշտիանու Ռոնալդուից հետ մնալով 4 գոլով։

Ինչ վերաբերում է առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածին, ապա «ներաձուրիները» 35-րդ րոպեին կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Անդրեա Ռանոկիայի կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Կոմղերն ընդմիջման գնացին «Ինտերի» նվազագույն առավելության պայմաններում։

51-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմի կազմից աչքի ընկնելուն մոտ էր արդեն Լաուտարո Մարտինեսը, ում հարվածից հետո տանտերերին փրկեց արդեն դարպասապահը։

Այդ դրվագից հետո դաշտում հիմնականում հանգիստ պայքար էր ընթանում, և ակնհայտ էր, որ դա «Ինտերի» ֆուտբոլիստների սցենարի մի մասն էր։

Խաղը մոտենում էր ավարտին, իսկ «Բոլոնիայի» ֆուտբոլիստներին չէր հաջողվում որևէ բան առաջարկել մրցակցին։

Միլանյան ակումբը հանգիստ խաղը մոտեցրեց իր տրամաբանական ավարտին՝ հաղթելով 1։0 հաշվով։

Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 68 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Միլանին» գերազանցելով արդեն 8 միավոր։ Կոնտեի թիմը, «ռոսոներիների» համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

28-րդ տուրից հետաձգված «Սասուոլոյի» դեմ այդ խաղը տեղի է ունենալու ապրիլի 7-ին «Ինտերի» հարկի տակ։

«Բոլոնիան» էլ մնաց 34 միավորով և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023