Ի՞նչ կազմով է հանդես եկել Լիվերպուլը Յուրգեն Կլոպի առաջին խաղում  և որտե՞ղ են այժմ այդ ֆուտբոլիստները

Ի՞նչ կազմով է հանդես եկել Լիվերպուլը Յուրգեն Կլոպի առաջին խաղում և որտե՞ղ են այժմ այդ ֆուտբոլիստները

26/06/2020 - 16:10

«Լիվերպուլը» 30 տարի անց վերջապես նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Մերսիսայդյան ակումբը վերջին անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 1990 թվականին։ Այդ ժամանակ դեռևս Պրեմիեր լիգան չէր ստեղծվել, իսկ նախքան 2020 թվականը 7 տարբեր ակումբներ դարձել էին չեմպիոն։

2015 թվականի հոկտեմբերի 4-ին ոչ բավարար արդյունքների պատճառով «Լիվերպուլի» ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրեց «Լեսթերի» ներկայիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, իսկ հոկտեմբերի 8-ին նրա փոխարեն նշանակեց գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին։

Կլոպը գլխավորելով «Լիվերպուլը»՝ իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ակումբի ղեկավարությունից խնդրեց 4 տարի ժամանակ, իսկ դրա տեղը խոստացավ ակումբի հետ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։ Անցավ 3․5 տարի «Լիվերը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպեր գավաթը, ինչպես նաև դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։ Անցավ ևս մեկ տարի մերսիսայդյան ակումբը դարձավ նաև Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Այպիսիով, վստահաբար կարելի է ասել, որ Յուրգեն Կլոպը այն, ինչին ձեռք է տալիս, վերածում է ոսկու՝ կատարելով իր խոստումները։

Սակայն մինչև այդ «Լիվերպուլն» անհավանական ճանապարհ է անցել։ Յուրգեն Կլոպի գլխավորելուց ի վեր՝ «կարմիրների» կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Այժմ կներկայացնենք, թե ինչ կազմով է հանդես եկել «Լիվերը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին խաղում և կպատմենք, թե որտեղ են այժմ այդ ֆուտբոլիստները։

«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրել է 2015 թվականի հոկտեմբերի 17-ին։ Այդ օրը կայանում էր անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը, իսկ մերսիսայդյան ակումբը հյուրընկալվել էր «Տոտենհեմին»։ Այդ խաղն ավարտվել է 0:0 հաշվով։

«Լիվերպուլը» խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով։

Դարպասապահ – Սիմոն Մինյոլե

Ներկայիս ակումբը – «Բրյուգե»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 8 մլն եվրո

«Լիվերպուլը» նախքան Ալիսոն Բեկերին ձեռք բերելը դարպասապահի դիրքում մշտապես ունեցել է խդնիերներ։ Ո՛չ Սիմոն Մինյոլեն, ո՛չ էլ Լորիս Կարիուսն այդպես էլ չկարողացան ցույց տալ այն խաղը, որը նրանցից սպասում էին։ Մինյոլեն 2015/16 մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի հիմնական դարպասապհն էր և Պրեմիեր լիգայի այդ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման՝ անցկացնելով 11 «չոր» հանդիպում, սակայն բաց թողեց 42 գոլ։ Մինյոլեն «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2013-2019 թվականներին, և նախորդ ամռանը հասկանալով, որ այլևս որևէ հնարավորություն չունի հայտնվել ակումբի մեկնարկային կազմում, վերադարձավ հայրենիք՝ Բելգիա, և այժմ հանդես է գալիս «Բրյուգեի» կազմում՝ ավարտին հասցնելով կարիերան։

Ձախ պաշտպան – Ալբերտո Մորենո

Ներկայիս ակումբը – «Վիլյառեալ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 6 մլն երվո

Յուրգեն Կլոպը փաստացի չունենալով ձախ պաշտպանի դիրքում ավելի օպտիմալ տարբերակ՝ այն ժամանակ դեռևս հեռանկարային ֆուտբոլիստ համարվող Ալբերտո Մորենոյին սկսեց շատ վստահել։ «Լիվերպուլում» անկացրած 5 տարիների ընթացքում 2015/16 մրցաշրջանը կարել է վստահաբար ասել, որ Ալբերտո Մորենոյի լավագույն մրցաշրջանն էր, քանի որ այդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 50 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ մրցաշրջանից հետո Մորենոն անդադար վնասվածքներ էր ստանում՝ վերածվելով ռոտացիոն ֆուտբոլիստի։ Ինչպես Մինյոլեն, այնպես էլ Ալբերտո Մորենոն երկար «դիմացան» «Լիվերպուլում», սակայն չարդարացրին սպասելիքները։ Նախորդ ամռանը ակումբից հեռացավ նաև Մորենոն և այժմ փորձում է հաստատվել «Վիլյառեալի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածքներտ կրկին թույլ չեն տալիս։ Մորենոն ընդամենը 27 տարեկան է և դեռևս ուշ չէ կարիերան ճիշտ ուղու վրա դնելու համար։

Կենտրոնական պաշտպան – Մամադու Սախո

Ներկայիս ակումբը – «Քրիստալ Փելաս»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 9,5 մլն եվրո

Հավերժ տաղանդավոր և հեռանկարային պատշպանն այդպես էլ չդարձավ «Լիվերպուլի» մեկնարկային խաղացող։ Յուրգեն Կլոպը նրան առանձնապես չէր վստահում, սակայն այնպես ստացվեց, որ 2015/16 մրցաշրջանում Սախոն 34 անգամ խաղադաշտ դուրս եկավ, ինչը մեծամես պայմանավորված էր նրանով, որ ակումբի հիմնական կազմի պաշտպան Դեյան Լովրենը պարբերար վնասվածք էր ստանում։ Այդ մրցաշրջանից հետո Սախոն սկսեց տարբեր պատճառներով բացակայել ակումբի հիմնական կազմից, նա նույնիսկ չէր հայտնվում խաղերի հայտացուցակներում։ Այդ ամենն էլ հանգեցրեց նրան, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը 2017 թվականի ձմռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Սախոյին վարձավճարով տրամադրեց «Քրիստալ Փելասին», իսկ 2016/17 մրցաշրջանի ավարտին «արծիվները» 28,5 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին նրա ամբողջական տրանսֆերը։ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ Սախոն նույնիսկ հայտնվեց դոպինգ սկանդալի եզրին․ նրա դոպինգ թեստերից մեկը դրական պատասխանն էր ցույց տվել, սակայն հետագայում երկրորդ թեստը բացասական եղավ, սակայն այդ ամենի հետևանքով նա բաց թողեց հայրենիքում կայացած մայրցամաքի առաջնությունը, ինչից հետո վերջնականապես սկսեց վատ հանդես գալ։ Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Քրիստալ Փելասի» կազմում, կայուն տեղ ունի այդ ակումբի մեկնարկային կազմում, սակայն երիտասարդ տարիներին նրա համար մեծ ապագա էին խոստանում։

Կենտրոնական պաշտպան – Մարտին Շկրտել

Ներկայիս ակումբը – «Իստամբուլ Բաշակշեհիր»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 800 հազար եվրո

Մարտին Շկրտելին կարելի է համարել «Լիվերպուլի» լեգենդներից մեկը, քանի որ մերսիսայդյան ակումբի կազմում սլովակ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 320 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, սակայն այնպես ստացվեց, որ Շկրտելը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հանդես է եկել միայն 2015/16 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում Շկրտելը ոչ այնքան կայուն, սակայն պարբերաբար հայտնվում էր ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց 28 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Մրցաշրջանի ավարտից հետո մերսիսայդյան ակումբում 8 տարի անցկացնելուց հետո Շկրտելը տեղափոխվեց թուրքական «Ֆեներբախչե», ինչից հետո կտրականապես կորավ մեր բոլորի ռադարներից։ 2019 թվականի օգոստոսի 9-ին ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց «Ատալանտայի» հետ, սակայն չէր անցել նույնիսկ մեկ ամիս՝ սեպտեմբերի 2-ին, անհասկանալի պատճառներով խաղացողի հետ խզվեց պայմանագիրը։ Ներկայումս 35-ամյա պաշտպանը հանդես է գալիս մեկ այլ թուրքական ակումբի՝ «Իստամբուլ Բաշակշեհիրի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Շկրտելը բավականին արդյունավետ է հանդես գալիս՝ 24 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ։

Աջ պաշտպան – Նաթանիել Քլայն

Ներկայիս ակումբը – «Լիվերպուլ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 8 մլն եվրո

Նաթանիել Քյալնը հենց 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել «Լիվերպուլի» շարքերը, երբ մերսիսայդյան ակումբը տաղանդավոր և հեռանկարային պաշտպանի համար «Սաութհեմպտոնին» վճարեց 17,7 մլն եվրո։ Քլայնն անմիջապես դարձավ ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ, իսկ Յուրգեն Կլոպը նրան անվերապահորեն վստահում էր։ Այդ մրցաշրջանում Քլայնը ակումբի կազմում մասնակցեց ոչ ավել, ոչ պակաս 52 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման և նույնքան գոլի հեղինակ։ 2016/17 մրցաշրջանը նույնպես բավականին հաջողված էր Քլայնի համար, սակայն 17/18 մրցաշրջանից սկսած սկսվեց եզրային պաշտպանի մղձավանջը։ 2017 թվականի հուլիսի 12-ին, երբ «Լիվերպուլը» պատրաստվում էր հերթական մրցաշրջանին, նախամրցաշրջանային մարզումներից մեկի ժամանակ Նաթանիել Քլայնը մեջքի ծանր վնասվածք ստացավ, ինչի պատճառով ստիպված է լինում բաց թողնել 257 օր և խաղադաշտ է վերադառնում միայն 2018 թվականի ապրիլի 7-ին։ Այդ ժամանակ արդեն «կարմիրների» աջ եզրում էր հայտնվել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով միանշանակ չէր պատրաստվում իր տեղը զիջել Քլայնին։ Քլայնը 2018/19 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բորնմութի» կազմում, սակայն նույնիսկ այդտեղ նա չկարողացավ վերադառնալ այն նույն մակարդակին, որին հասել էր նախքան ծանր վնասվածքը։ Նա այդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց ընդամենը 21 հանդիպման՝ 19/20 մրցաշրջանի մեկանրկից առաջ վերադառնալով «Լիվեր»։ Թվում էր՝ Քլայնը պետք է գոնե ժամանակ առ ժամանակ հայտնվեր խաղադաշտում, սակայն նախամրցաշրջանային շրջանում հերթական ծանր վնասվածքը ստացավ։ Նախորդ տարվա հուլիսի 24-ին Քլայնը կտրեց ծնկի խաչաձև կապանները՝ այս անգամ էլ բաց թողնելով 280 օր։ Ընթացիկ մրցաշրջանում Քյալնը որևէ հանդիպում չի անցկացրել «Լիվերի» կազմում և հուլիսի 1-ին նրա պայմանագիրը լրանում է ակումբի հետ։ Ֆուտբոլիստը դառնալու է ազատ գործակալ, սակայն որևէ ակումբ դեռևս չի ցանկանում նրա հետ պայմանագիր կնքել։ Ցավոք, գերտաղանդավոր ֆուտբոլիստի կարիերան ծանր վնասվածքները կարծես թե կործանում են։

Կենտրոնական կիսապաշտպան – Էմրե Ջան

Ներկայիս ակումբը – «Բորուսիա Դորտմունդ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 24 մլն եվրո

Էմրե Ջանին կարելի է համարել «Լիվերպուլում» երբևէ հանդես եկած ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Ջանը չնչին՝ 12 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 ամռանը և միանգամից դարձել էր ակումբի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Յուրգեն Կլոպը նույնպես Ջանի համար մշտապես տեղ ուներ դաշտի կենտրոնում։ Հատկապես 15/16 մրցաշրջանում, երբ Կլոպը նոր էր գլխավորել մերսիսայդյան ակումբը Ջանը անհավանական կայունություն էր ցույց տալիս՝ բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցելով 49 հանդիպման։ Նույնիսկ, երբ ակումբի կազմում սկսեցին կայուն տեղ ունենալ Ջորդան Հենդերսոնը, Ջորջինիո Վեյնալդումը կամ Ջեյմս Միլները, Ջանը մշտապես տեղ ուներ ակումբի կազմում, և եթե չէր հայտնվում մեկնարկային կազմում, ապա նվազագույնը դուրս էր գալիս փոխարինման։ Ջանը, չնայած ունի խաղային բարձր որակներ, սակայն մշտապես տպավորություն է, թե նրա մոտ մի բան պակասում է։ 2018 թվականին նա չցանկացավ նոր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ որպես ազատ գործակալ տեղափոխվեց «Յուվենտուս»՝ ընկնելով նոր մարտահրավերների հետևից, սակայն թուրինյան ակումբի կազմում Ջանի կարիերան մեղմ ասած չստացվեց և 2020 թվականի ձմռանը համալրեց «Բորուսիա Դորտմունդի» կազմը։ Այժմ Ջանը փորձում է հետ բերել այն, ինչը կորցրեց «Յուվենտուսում» անցկացրած 1,5 տարում։ Ամեն դեպքում, Ջանը դեռևս 26 տարեկան է և խաղային ռեժիմին հետևելու շնորհիվ, կրկին հրավեր կստանա նաև Գերմանիայի հավաքականից, իսկ 2017 մայիսին «Վոթֆորդի» դարպասը նրա՝ շրջադարձ հարվածով խփած գնդակը միշտ կմնա մեր հիշողություններում։

Կենտրոնական կիսապաշտպան – Լուկաս Լեյվա

Ներկայիս ակումբը – «Լացիո»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 6 մլն եվրո

Դժվար է ասել, որ Լուկաս Լեյվան «Լիվերպուլի» լեգենդներից մեկն է եղել, սակայն ակումբի կազմում հանդես է եկել 2007-2017 թվականների ընթացքում՝ կարմիր մարզաշապիկը հագնելով 346 անգամ։ Լեյվան նույնպես չի հասցրել շատ հանդես գալ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, սակայն երկու մրցաշրջանների ընթացքում բրազիլացի կիսապաշտպանը մշտապես կայուն խաղաժամանակ էր ստանում՝ իր պարտականությունները կատալերով շատ լավ։ Լեյվան Կլոպի գլխավորությամբ հանդես է եկել միայն 15/16 և 16/17 մրցաշրջաններում և այդ ընթացքում խաղադաշտ է դուրս եկել 72 անգամ, ինչից հետո տեղափոխվեց «Լացիո», որտեղ նույնպես համարվում է հիմնական կազմի ֆուտբոլիստ և փորձում է ներդնել իր ողջ ներուժը, որպեսզի «Լացիոն» ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում մինչև վերջև չեմպիոնական պայքարի մեջ մնա։

Կենտրոնական կիսապաշտպան – Ջեյմս Միլներ

Ներկայիս ակումբը – «Լիվերպուլ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 6,5 մլն եվրո

Երբ 2015 թվականի ամռանը Ջեյմս Միլները «Մանչեսթեր Սիթիի» կազմից անվճար տեղափոխվում էր «Լիվերպուլ», ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հետագայում Միլները դառնալու է Յուրգեն Կլոպի թիմի անբաժանելի մասնիկներից մեկը։ Միլները այն քիչ ֆուտբոլիստներից մեկն է, ով «Լիվերպուլի» կազմում Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մասնակցել է առաջին հանդիպմանը և մինչև այժմ էլ հանդես է գալիս մերսիսայդյան ակումբի կազմում։ Ի դեպ, Յուրգեն Կլոպի առաջին խաղում հենց Ջեյմս Միլներն էր «Տոտենհեմի» դեմ խաղում կատարում «Լիվերպուլի» ավագի պարտականությունները, իսկ այժմ նա Ջորդան Հենդերսոնից հետո ակումբի երկրորդ ավագն է։ Միլներն այժմ 34 տարեկան և տարիքի հետ սկսեց վերածվել ռոտացիոն ֆուտբոլիստի։ Յուրգեն Կլոպի համար Միլները վերածվել է իսկական ջոկերի, ով կարող է փակել ցանկացած դիրք։ Գերմանացի մասնագետը որ դիրքում ասես նրան չի խաղացել․ Միլները փակում է ինչպես կիսապտշապանության բոլոր օղակները, այնպես էլ հիանալի է հանդիես գալիս պաշտպանության եզրերում։ Չնայած շատերն արդեն Միլներին չեն համարում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, սակայն 2015 թվականի ի վեր, երբ համալրեց «կարմիրների» շարքերը, ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 211 հանդիպման և դարձել է 21 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։

Ենթահարձակվող – Ֆիլիպե Կոուտինիո

Ներկայիս ակումբը – «Բավարիա»/«Բարսելոնա»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 56 մլն եվրո

Ինչպես Է Էմրե Ջանին, այնպես էլ Ֆիլիպե Կոուտինիոյին կարելի է համարել «Լիվերպուլի» երբեմնի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Բրազիլացի կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում գրեթե զրոյից դարձավ համաշխարհային մակարդակի աստղ։ Երբ 2013 թվականի հունվարին Կոուտինիոն «Ինտերից» ընդամենը 13 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում էր «Լիվերպուլ», ոչ ոք չէր մտքծում, որ այդ ֆուտբոլիստը միանգամից դառնալու է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2012/13 մրցաշրջանի կեսից տեղափոխվելով «Լիվերպուլ»՝ ԱՊԼ-ի շրջանակում Կոուտինիոն մասկանցեց 13 հանդիպման, սակայն հասցրեց դառնալ 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հաջրոդ մրցաշրջաններն էլ պակաս հաջող չէին, իսկ Յուրգեն Կլոպի` ակումբը գլխավորելուց հետո Կոուտինիոն վերջնականապես վերածվեց համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի ու միանշանակ կարող ենք ասել, որ հենց Կլոպի շնորհիվ բրազիլացի ֆուտբոլիստը հասավ այն ամենին, ինչին որ հասել է։ Կլոպի գլախորությամբ առաջին իսկ մրցաշրջանում Կոուտինիոն «Լիվերպուլի» կազմում մասնակցեց 43 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հետագա տարիներին «Լիվերպուլի» խաղը սկսեց անչափ կախված լինել Կոուտինիոյի մարզավիճակից, քանի որ նա իրավմամբ համարվում էր թիմի ուղեղը, իսկ Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի՝ ակումբի շարքերը համալրելուց հետո էլ Կոուտինոին ամուր տեղ ուներ թիմի մեկնարկային կազմում, սակայն ակնհայտ էր մեկ բան․ Ֆիլիպե Կոուտինոն շատ էր փորձում շատ դրվագներ լուծել միայնակ, իսկ թիմում ունենալ Սալահի և Մանեի կարգի ֆուտբոլիստներ, այդպես խաղալն անթույլատրելի էր, այդ իսկ պատճառով 2018 հունվարին «Լիվերպուլը» իր համար ռեկորդային՝ 145 մլն եվրոյի դիմաց խաղացողին վաճառեց «Բարսելոնային»։ Ինքներդ էլ կհամոզվեք, որ Կոուտինիոն այդ «Լիվերպուլին» միայն ու միայն խանգարում էր, իսկ հետագա զարգացումները միայն դա են փաստում, քանի որ նրա վաճառքից հետո մերսիսայդյան ակումբն անհավանական բարձրունքների սկսեց հասնել։ Մենք չենք նսեմացնում Կոուտինիոյի տաղանդը, նա անհավանական տեխնիկայի տեր ֆուտբոլիստ է, սակայն նրա հետագա կարիերան էլ ցույց տվեց, որ նա պարզապես տաղանդավոր է, այլ ոչ թե խելացի ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ ո՛չ «Բարսելոնայի» և ո՛չ էլ «Բավարիայի» կազմում այդպես էլ չկարողացավ հաստատվել, իսկ նա փորձում էր «Բարսելոնայում» իրագործել իր մանկության վաղեմի երազանքը․․․

Ենթահարձակվող – Ադամ Լալանա

Ներկայիս ակումբը – «Լիվերպուլ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 9,5 մլն եվրո

Ադամ Լալանային կարելի է համալրել Նաթանիել Քլայնի շարքերը։ Նախ այս երկուսը «Լիվերպուլի» շարքերը համալրել են «Սաութհեմպտոնից», երկրորդ՝ երկու ֆուտբոլիստներն էլ սկզբնական հաջողություններից հետո ծանր վնասվածքներ ստացան՝ կորելով բոլորիս տեսադաշտից։ Կար մի ժամանակ, երբ Ադամ Լալանան համարվում էր անգլիական ֆուտբոլի ամենախոստումալից երիտասարդներից մեկը, ում համարում էին Անգլիայի հավաքականի ապագան։ Լալանան 2015/16 և 2016/17 մրցաշրջաններում Յուրգեն Կլոպի ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն էր, ով միանշանակ հիանալի էր կատարում իր առջև դրված խնդիրները։ Լալանան Կլոպի առաջին մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 49 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ հաջորդ մրցաշրանում 35 խաղում դարձավ 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, սակայն 2017/18 մրցաշրջանից սկսած անգլիացի ֆուտբոլիստին սկսեցին տանջել ծանր վնասվածքները, ինչից հետո Լալանան երբեք չցուցադրեց այն ֆուտբոլը, որը նա ցուցադրում էր Կլոպի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում։ Ինչպես Քլայնը, այնպես էլ Լալանան հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ, սակայն Լալանայի հետ նույնպես ոչ ակումբ կապի դուրս չի եկել։ Ամեն դեպքում, Լալանան այն քիչ ֆուտբոլիստներից է, ով մասնակցելով 2015 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած «Տոտենհեմի» դեմ խաղին, մինչև հիմա ակումբում է։

Կենտրոնական հարձակվող – Դիվոկ Օրիգի

Ներկայիս ակումբը – «Լիվերպուլ»

Ներկայիս տրանսֆերային արժեքը – 16 մլն եվրո

Դիվոկ Օրիգին նույնպես արդեն ակումբի հնաբանկներից է․ նա ակումբի շարքերը համալրել է 2014 թվականի ամռանը, սակայն մեկական մրցաշրջան վարձավճարով հանդես է եկել «Լիլի» և «Վոլսֆուրգի» կազմում։ Յուրգեն Կլոպը բելգիացի ֆուտբոլիստին մշտապես շատ է գնահատել՝ նրան համարելով հսկայական ներուժ ունեցող հարձակվողի, ով կկարողանա փակել ինչպես հարձակման կրակածայրը, այնպես էլ ձախ եզրը, սակայն այնպես է ստացվել, որ Օրիգին մշտապես համարվել է ռոտացիոն ֆուտբոլիստ։ Հենց այդ պատճառով էլ Օրիգին մասնակցեց «Տոտենհեմի» դեմ այդ հանդիպմանը, քանի որ վնասվածքի պատճառով բացակայում էր ակումբի հիմնական կենտրոնական հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով նույնպես մերսիսայդյան ակումբի կազմում նոր-նոր էր կատարում իր առաջին քայլերը։ Օրիգին, ինչպես բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ, որոնք այդ տարիներին հանդես էին գալիս «Լիվերպուլի» կազմում, առաջին երկու մրցաշրջանները բավականին հաջող անցկացրեց, ինչից հետո թուլացրեց տեմպերը։ Առաջին երկու մրցաշրջաններում բելգիացին կայուն տեղ ուներ ակումբի մեկնարկային կազմում և բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 77 հանդիպման՝ դառնալով 21 գոլի հեղինակ։ 17/18 մրցաշրջանից առաջ բելգիացի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Վոլֆսբուրգ» և հաջորդ մրցաշրջանի մեկնարկիցնառաջ ֆիզիկական ավելի լավ վիճակով վերադարձավ «Լիվերպուլ»։ 2018/19 մրցաշրջանում էլ բոլորս հիշում ենք, թե Օրիգին ինչ սխրագործությունների հեղինակ դարձավ մրցաշրջանի ավարտին։ Նախ «Բարսելոնայի» դեմ (4։0) կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ ՉԼ եզրափակիչում, դուրս գալով փոխարինման, խաղավարտին մոտ գրավեց «Տոտենհեմի» դարպասը», հաշիվը դարձրեց 2։0՝ իր թիմին պարգևելով բաղձալի գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում էլ Օրիգին մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ և կանոնավոր մասնակցում է ակումբի հադնիպումներին։

Այդ խաղում «Լիվերպուլի» պահեստայիններն էին դարպասապահ Ադամ Բոգդանը, պաշտպաններ Կոլո Տուռեն և Քոնոր Ռենդալը, կիսապաշտպաններ Ջո Ալենը, Ջորդան Այբը և Ժոաո Կառլոս Տեյշերան, ինչպես նաև կենտրոնական հարձակվող Ժերոմ Սքլիերը։ Այս ֆուտբոլիստներից շատերին ոչ ոք չի էլ ճանաչում և նրանցից ոչ ոք ներկայումս հանդես չեն գալիս «Լիվերպուլում»։

Այսպիսով, ինչպես տեսնում եք, Յուրգեն Կլոպն այս 4,5 տարիների ընթացքում անհավանական աշխատանք է կատարել «Լիվերպուլի» կազմի հետ։ Տպավորիչ է նաև գերմանացի մասնագետի տակտիկական էվոլուցիան, սակայն դա լրիվ այլ թեմա է։

Գերմանացին ոչ միայն հիանալի ստրատեգ է, այլև ֆանտաստիկ խաղային հոտառություն ունի, այսինքն, հստակ գիտի, թե վիճահարույց դիրքերում կոնկրետ որ ֆուտբոլիստները կարող են ուժեղացնել տվյալ դիրքը, այդ պատճառով էլ այդ տարիների ընթացքում «Լիվերպուլի» կազմը Յուրգեն Կլոպը հասցրել է գրեթե կատարելության աստիճանի, որը ժամանակ առ ժամանակ ցուցադրում է աշխարհի լավագույն ֆուտբոլը՝ արժանիորեն նվաճելով բարձրարժեք տիտղոսներ։ Միայն նշենք, 2015/16 մրցաշրջանից մինչ այսօր «Լիվերպուլի» կազմում են շարունակում հանդես գալ ակումբի ավագներ Ջորդան Հենդերսոնն ու Ջեյմս Միլները, կենտրոնական պաշտպաններ Դեյան Լովրենն ու Ջո Գոմեսը, կենտրոնական հարձակվող Դիվոկ Օրիգին, ինչպես նաև ակումբից հեռացող Ադամ Լալանան ու Նաթաթինել Քլայնը և Պեդրո Չիրիվելան, ով հանդես է գալիս ակումբի Մ-23 տարեկանների կազմում։

Վստահաբար կարելի է ասել, որ Յուրգեն Կլոպը զրոյից հաղթական թիմ կառուցող լավագույն ակումբն է։ Յուրգեն Կլոպ, դուք ինչի ձեռք եք տալիս, դարձնում եք ոսկի։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023