Թրիլլեր Հռոմում. Ռոման ջախջախեց Ֆեյենորդին🎥

Թրիլլեր Հռոմում. Ռոման ջախջախեց Ֆեյենորդին🎥

21/04/2023 - 01:23

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու։

Արդեն առաջին կեսում «ջալոռոսիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, սակայն նախքան ընդմիջում չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ։

Ժոզե Մոուրինիոյի թիմին միայն 60-րդ րոպեին հաջողվեց բացել հաշիվն. աչքի ընկավ Լեոնարդո Սպինացոլան։

77-րդ րոպեին «Ռոման» Բրայան Քրիստանտեի ջանքերով կրկնապատկեց առավոլությունը, սակայն հարձակման ժամանակ թույլ տված սխալի պատճառով գլխավոր Էնթոնի Թեյլորը չեղարկեց դարպասի գրավումը։

Այդ դրվագից րոպեներ անց` 80-րդ րոպեին, «Ֆեյենորդը», ինչպես ամրոպ անամպ երկնքում, իր սակավաթիվ գոլային դրվագներից մեկը վերածեց դարպասի գրավման, որն իր անվան դիմաց գրանցեց Իգոր Պայշաոն։

Թվում էր` հանդիպումը կավարտվի 1:1, ինչը հոլանդական ակումբին դուրս կբերի կիսաեզրափակիչ, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէր Պաուլո Դիբալան, ով 89-րդ րոպեին եզրափակեց տանտերերի բազմաքայլ գրոհ ու լուսատախտակին վառեց 2:1 հաշիվը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակում «Ռոման» արդեն ուներ հսկայական խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Մոուրինիոյի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին Յուստին Բեյլոյի պաշտպանած դարպասը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը. 101-րդ և 109-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ստեֆան Էլ Շարավին ու Լորենցո Պելեգրինին։

Այսպիսով, «գայլերն» այս խաղում ջախջախեցին 4:1, իսկ ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 4:2 հաշվով։

Հռոմեական ակումբը դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Բայեր Լևերկուզենի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023