Թրիլլեր Բոլոնիայում. Միլանը մեծ դժվարությամբ  հաղթեց 9 հոգով մնացած մրցակցին🎥

Թրիլլեր Բոլոնիայում. Միլանը մեծ դժվարությամբ հաղթեց 9 հոգով մնացած մրցակցին🎥

24/10/2021 - 00:46

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ «ռոսոներիների» թելադրանքով, ինչն էլ նպաստեց, որ նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան. 16-րդ րոպեին աչքի ընկավ Ռաֆայել Լեաուն, իսկ 35-րդ րոպեին` Դավիդե Կալաբրիան։

Նշենք, որ այդ երկու գոլերի արանքում էլ՝ 20-րդ րոպեին, «Բոլոնիայի» պաշտպան Ադամա Սումարեն, վերջին հույսի խախտման հետևանքով, հեռացվեց խաղադաշտից։

«Բոլոնիան», որն ողջ առաջին կեսի ընթացքում հիմնականում պաշտպանվում էր, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, երկրորդի հենց մեկնարկում ոչ միայն կրճատեց, այլև հավասարեց հաշիվը։

Նախ 49-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը պատահմամբ դարձավ ինքնագոլի հեղինակ, ապա 52-րդ րոպեին Մուսա Բարոուն խփեց երկրորդ պատասխան գնդակը։

Հաշվի հավասարվելուց շատ չանցած` 58-րդ րոպեին, «Բոլոնիան» մնաց արդեն 9 հոգով, քանի որ անչափ կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց թիմի ավագ Ռոբերտո Սորիանոն։

Ստանալով ակնհայտ քանակական առավելություն` Ստեֆանո Պիոլիի սաները տիրեցին նախաձեռնությանը, սակայն տևական ժամանակ չէր հաջողվում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։

Ամեն դեպքում, «Միլանի» ֆուտբոլիստները խաղավարտին մոտ մեծացրին ճնշումն ու, ի վերջո, հաղթանակ կորզեցին` մրցակցի դարպասն ուղարկելով երկու գնդակ, որոնք իրենց անվան դիմաց գրանցեցին համապատասխանաբար Իսմայիլ Բենասերն ու Զլատան Իբրահիմովիչը։

Այսպիսով, թրիլլերային սցենարով ընթացած խաղում` «Միլանը» 4:2 հաշվով ծանր հաղթանակ տոնեց «Բոլոնիայի» նկատմամբ, վաստակեց 25 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Բոլոնիան» մնաց 12 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023