ԵԼ․ ավարտված հանդիպումների արդյունքները?

ԵԼ․ ավարտված հանդիպումների արդյունքները?

21/02/2020 - 00:44

Երկու ամսվա դադարից հետո մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Այսօր կայանում են 1/16 եզրափակչի հանդիպումները։ Արդեն ավարտվել են մի շարք հանդիպումներ։

«Ինտերը» հյուրընկալվել էր բուլղարական «Լյուդոգորեցին»։ Անտոնիո Կոնտեի սաները վերահսկեցին ողջ հանդիպման ընթացքը՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում աչքի ընկավ Քրիստիան Էրիկսենը, ով միլանյան ակումբի կազմում դարձավ առաջին գոլի հեղինակը, իսկ խաղի ամենավերջում՝ մրցավարի կողմից ավելացրած 5-րդ րոպեին, Ռոմելու Լուկակուն հստակ իրացեց 11 մետրանոց հարվածը։

Այսպիսով, միլանյան ակումբը գործանականում լուծում է հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր բելգիական «Գենկին»։ Հավասար ընթացած առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով․ նախ 15-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Դենիսը, իսկ 36-րդ րոպեին Անտոնի Մարսիալը հավասարեցեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում մանունյական ակումբն ուներ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացավ խփել հաղթական գնդակը։ Ամեն ինչ կորոշվի Մանչեսթերում փետրվարի 28-ին։

«Խետաֆեն» շարունակում է փայլել։ Պեպե Բորդալասի սաներն այս անգամ վստահ հաղթանակ տարան նախորդ մրցաշրջանի հերոս «Այաքսի» նկատմամբ։ Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը 2 անպատասխան գնդակ ուղարկեց հոլանդական ակումբի դարպասը։ Ընդհանրապես պետք է նշենք, որ Ամստերդամը ներկայացնող ակումբը շատ խղճուկ տեսք ուներ այսօրվա խաղում։

Իսպանական ակումբին հաղթանակ պարգևեցին Դեյվերսոնի ու Քենեդիի դիպուկ հարվածները։ Այս հաղթանակը «Խետաֆեին» լուրջ առավելություն տվեց պատասխան խաղից առաջ։

Ավստրիական «Զալցբուրգի» հեքիաթն էլ կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Ակումբը վաճառելով առաջատար երկու խաղացողներին՝ Տակումի Մինամինոյին և Էրլինգ Հալանդին՝ մեկնարկած տարում զիջեց ավստրիական Բունդեսլիգայի առաջատարի դերը, իսկ այժմ էլ խոշոր հաշվով հյուրընկալվելիս պարտվեց Ֆրանկֆուտրի «Այնտրախտին»։

Գերմանական ակումբը հաղթեց 4։1 հաշվով։ «Այնտրախտի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ճապոնացի կիսապաշտպան Դաիտի Կամադան, մեկ գնդակ էլ գրանցվեց Ֆիլիպ Կոստիչի անվան դիմաց։ Խաղի 85-րդ րոպեին հյուրերի կազմի միակ գնդակը խփեց կորեացի Հվան Չի Չհանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Այժմ Ժեսի Մարշի սաները պետք է անեն անհնարինը, որպեսզի դուրս գան 1/8 եզրափակիչ։

Մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Սևիլիան», բարդ արտագնա հանդիպում անցկացրեց ռումինական «Կլուժի» դեմ։

Հավասար ընթացած առաջին խաղակեսում կողմերն այդպես էլ գոլի հեղինակ չդարձան, իսկ երկրորդ խաղակեսը սկսվեց ռումինական ակումբի գոլով։ 59-րդ րոպեին 11 մետրանոցից իր ակումբին առաջ մղեց Չիպրիան Դյակը։

Բաց թողած գոլից հետո անդալուսական ակումբը տիրեց նախաձեռնությանը և ի վերջո 82-րդ րոպեին Յուսուֆ Էն-Նեսերին կարողացավ փրկել իր թիմին պարտությունից։

Այսպիսով, ամեն ինչ կորոշվի փետրվարի 28-ին Սևիլիայում։

Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Կոպենհագեն» 1։1 «Սելթիկ»

«Սպորտինգ» 3։1 «Իստամբուլ Բաշաքշեհիր»

«Շախտյոր» 2։1 «Բենֆիկա»

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023