Դումֆրիսի բենեֆիսը. Հոլանդիան հաղթեց ԱՄՆ-ին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Դումֆրիսի բենեֆիսը. Հոլանդիան հաղթեց ԱՄՆ-ին` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

03/12/2022 - 20:56

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Հոլանդիայի հավաքականը մրցեց ԱՄՆ հավաքականի դեմ։

Կարելի է ասել` «նարնջագույնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը բացեց խաղի հաշիվն` աչքի ընկնելով Դենզել Դումֆրիսի կատարած փոխանցումից հետո։

Բաց թողած գոլից հետո ամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը և ունեին ինչպես տարածքային, այնպես էլ խաղային առավելություն, սակայն Գրեգ Բերալթերի թիմի խաղին չէր բավականացնում սրությունը։

Դեռ ավելին` նախքան ընդմիջում Լուի վան Գալի թիմը կրկնապատկեց առավելությունը. 45+1-րդ րոպեին աչքի ընկավ Դեյլի Բլինդը, ով նույնպես գոլի հեղինակ դարձավ Դումֆրիսի կատարած փոխանցումից հետո։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսը հիմնականում անցնում էր փոխնիփոխ գրոհների ներքո. կողմերն ունեին բազում գոլային պահեր, սակայն հարձակվողների փոխարեն փայլում էին դարպասապահներն` Անդրիս Նոպերտն ու Մեթ Թերները։

Այդուհանդերձ, խաղակեսի միջնամասում ամերիկացիները կրկին տիրեցին նախաձեռնությանը և 76-րդ րոպեին Հաջի Րայթի ջանքերով վերադարձան խաղ, ով կրնկով կատարած անհավանական հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։

Սակայն, ամերիկացիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ Բերալթերի թիմն սկսեց բացթողումներ ունենալ պաշտպանությունում, ինչի հետևանքով էլ Դենզել Դումֆրիսը 81-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:1` դնելով հանդիպման վերջակետը։

26-ամյա լատերալն այս խաղում դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, «նարնջագույնները» նվաճեցին 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցեն Արգենտինա – Ավստրալիա դիմակայության հաղթողի հետ։

Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023