Գյումրվա թասիբի մասին․ Ի՞նչ սպասել Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասից?

Գյումրվա թասիբի մասին․ Ի՞նչ սպասել Բարձրագույն խմբի առաջնության վերջնամասից?

29/06/2020 - 17:12

Մոտենում է ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական խաղարկությունը։ Ինչպես և սպասվում էր, առաջնության վերջնամասը բավականին հետաքրքիր և թեժ պայքարում է անցնում՝ ապահովելով չեմպիոնական անհավանական ինտրիգ։

Առաջնության երկրորդ հատվածից առաջ թվում էր, թե «Արարատ-Արմենիան» հեշտությամբ երկորդ անգամ անընդմեջ կնվաճի չեմպիոնի տիտղոսը, սակայն արի ու տես, որ Գյումրվա թասիբի իսկական ներկայացուցիչ «Շիրակը» խառնեց բոլորի խաղաքարտերը։ Դե իսկ իվուարցի հարձակվող Մորի Կոնեն չենք չափազանցնի եթե ասենք, որ եվրոպական մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում՝ 21 գոլով գլխավորելով ռմբարկուների ցուցակը։

«Շիրակը» հայկական ակումբների շարքից այն քչերից է, որը բավականին կայուն խաղաժամանակ է տրամադրում նաև հայ ֆուտբոլիսնտերին, որոնք նույնպես լուրջ դերակատարում ունեն ակումբի գրանցած արդյունքներում։

Սրանք «Շիրակի» վերջին հանդիպումների մեկնարկային կազմերն են։ Ինքներդ էլ կտեսնեք, որ Գյումրին ներկայացնող ակումբի մեկնարկային կազմում կայուն տեղ ունեն 4-6 ֆուտբոլիստ, իսկ պահեստայինների նստարանին նստած են լինում հիմնականում հայազգի ֆուտբոլիստներ, ինչը չես ասի, օրինակ, «Նոայի» կամ «Արարատ-Արմենիայի» մասին։

Սրանք էլ «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» վերջին հանդիպումների մեկնարկային կազմերն են, որտեղ կտեսնեք, որ «Նոյաի» մեկնարկային կազմում լավագույն դեպքում 1-2 հայ ֆուտբոլիստ կգտնեք, վատագույն դեպքում՝ չեք գտնի, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում՝ 2-3։

Միանաշանակ վատ չէ, երբ թիմումդ ունես բարձրակարգ լեգեոներներ, ընդհակառակը, այդ ֆուտբոլիստները միանշանակ կարող են նպաստել նաև առաջնության դիտարժանության բարձրացմանը, ինչին էլ ականտես ենք լինում, սակայն եկե՛ք չմոռանանք, որ մենք խոսում ենք Հայաստանի Բարձրագույն առաջնության մասին, այլ ոչ թե Կոտ դ’Իվուարի, Մակեդոնիայի, Ռուսաստանի կամ էլ Բրազիլիայի առաջնության մասին։ Մեր հավաքականը տեղից ունի բավականին շատ խնդրահարույց և վիճելի դիրքեր, և եթե հայ ֆուտբոլիստներն իրենց ակումբներում չունենան կայուն խաղաժամանակ, միանաշանակ չեն կարող գրանցել առաջընթաց, իսկ մեր հավաքականը ինչպես միշտ կկանգնի նույն կոտրած տաշտակի առջև։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցի շուրջ միանշանակ մորելու տեղ ունի։

Ինչ վերաբերվում է Վարդան Բիչախչյանին, ապա նա առանձին հարգանքի է արժանի։ Այդ մարդուն յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ տալիս են գրեթե ամբողջությամբ փոփոխված կազմ, սակայն Բիչախչյանն արդեն վաղուց ունի իր հաղթաթուղթը, և քանի որ առաջնության մյուս ակումբներն այնքան հաճախ են փոխում իրենց մարզիչներին և կազմին, որ չեն կարողանում հակաթույն գտնել «Շիրակի» դեմ խաղերում, այդ պատճառով էլ Վարդան Բիչախչայնն արդեն անհիշելի ժամանակներից «Շիրակի» հետ միայն բարձր տեղերի համար է պայքարում։ Մեր կողմից էլ բազմիցս նշվել է, որ հայ մարզիչների շրջանակում հենց Վարդան Բիչախչյանն է ամենահարմարը, ով կկարողանա գլխավորել Հայաստնաի ազգային հավաքականը, քանի գյումրեցի մասնագետը նախընտրում է խաղալ պաշտպանությունից՝ շեշտը դնելով «ավտոբուսի» և հակագրոհների վրա, իսկ այդ մարտավարությունն ամենահարմարն է մեր հավաքականի համար։

Եվ ահա առաջնության այսպես կոչված փլեյ-օֆֆ հատվածում, «Շիրակը» պարզապես ֆանտաստիկ է հանդես գալիս։ Գյումրին ներկայացնող ակումբը առաջնության երկրորդ փուլի շրջանակում անցկացրել է 7 հանդիպում՝ 5-ն ավարտելով հաղթական ելքով և չի կրել գեթ մեկ պարտություն, ինչ էլ թույլ տվեց բարձրանալ առաջնության առաջին հորիզոնական։ «Շիրակը» առաջնության 25-րդ տուրում հյուրընկալվելիս 1։4 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ Այդ խաղում դուբլի հեղինակներ դարձան Մորի Կոնեն և Ժիրայր Մարգարյանը։

Այդ հաղթանակի շնորհիվ «Շիրակը» բարձրացավ առաջնության առաջին հորիզոնական, քանի որ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» բավականին անհաջող հանդիպում անցկացրեց «Լոռիի» դեմ խաղում՝ հանդիպման ամենավերջին րոպեին ձեռքից բաց թողնելով ոչ-ոքի արդյունքը։ Այժմ «Շիրակը» և «Արարատ-Արմենիան» ունեն հավասար՝ 45-ական միավոր, սակայն առաջնության առաջատարը «Շիրակն» է, քանի որ անհատական խաղերում առավելություն ունի երևանյան ակումբի նկատմամբ։ Հունիսի 20-ին էլ Գյումրիում կայացած խաղում Մորի Կոնեի միակ գնդակի շնորհիվ տանտերեը 1։0 հաշվով հաղթեցին հենց «Արարատ-Արմենիային»։ Հենց այդ հաղթանակն էլ գյումրեցիների համար, հնարավոր է, դառնա չեմպիոնական։


Եթե խոսում ենք չեմպիոնական պայքարի մասին, ապա չենք կարող չանդրադառնալ նաև «Արարատ-Արմենիային»։ Վարդան Մինասյանի սաները առաջնության երկրորդ հատվածում անցկացրած 7 խաղերից հաղթական ավարտի են հասցրել միայն երկու հանդիպում, նույնքան հանդիպում պարտվել են և ևս երեք խաղում էլ գրանցել ոչ-ոքի։

Չնայած անհաջող ելույթներին՝ միանշանակ կարող ենք նշել, որ կազմի առումով երևանյան ակումբը առաջնության լավագույն ակումբն է, որն ունի ֆանտաստիկ լեգեոներներ։ «Արարատ-Արմենիային» ինչ-որ տեղ կարելի է անվանել հայկական ՊՍԺ․ ակումբը եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներով է համալրվում, սակայն արդյունքը կա՛մ ուշանում է կա՛մ էլ սահմանափակվում է միայն ներքին առաջնությունում, սակայն եկե՛ք չմոռանանք էլ նաև, որ «Արարատ-Արմենիան» դեռևս միակ հայկական ակումբն է, որը եվրագավաթային որակավորման փուլերում հաջողվել է այդքան հեռուն գնալ։ Նախորդ տարի Վարդան Մինասյանի թիմը քիչ մնաց հայտնվեր Եվրոպա լիգայի խմբային փուլում, եթե փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժի» դեմ կայացած հանդիպման պատասխան խաղում իրացներ գոլային պահերը և ավելի դիպուկ գտվներ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Այդ արգելը միանշանակ հաղթահարելի էր։

«Արարատ-Արմենիայի» վերջին հզոր համալրումները կարելի է համարել նիգերիացի կենտրոնական հարձակվող Յուսուֆ Օդուբանջոն և ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Յոան Գուֆրանը, ով ժամանակին հանդես է եկել «Նյուքասլի» և «Բորդոյի» կազմում, և եթե Գուֆրանը դեռևս չի կարողանում ամբողջությամբ ցույց տալ իր վարպետությունը, ապա Օդուբանջոն անցկացրած 9 խաղում հաջողվել է դառնալ 5 գոլի հեղինակ, դե իսկ Մայիլսոն Լիման, Լուիս Օգանան և Զաքարիա Սանոգոն միանշանակ առաջնության լավագույն ֆուտբոլիստներից են, եթե ոչ լավագույնը։

Ինչպես Վարդան Բիչախչյանը, այնպես էլ Վարդան Մինասյանը մարզչական հսկայական փորձ ունի և ամենակարևորը՝ այդ բարձրակարգ ֆուտբոլիստների հետ աշխատելու ոճը գտել է։ Մինասյանի դոմինանտ ֆուտբոլը բավականին աչք է շոյել, սակայն ներկայումս ակումբն այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում և չեմպիոնական պայքարն կախված է ոչ թե «Արարատ-Արմենիայից», այլ հենց «Շիրակից»։

«Նոան» նույնպես կարող է խառնվել չեմպիոնական մրցավազքին, եթե 27-րդ տուրում կարողանա հաղթել «Շիրակին»։ «Նոան» այժմ 42 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգիր ձեռքբերելու համար։

Պետք է նշենք, որ «Նոան» ի վիճակի է դա անել, քանի որ բավականին բարձրակարգ լեգեոներներ ունի։ Հատկապես ուշադրության են արժանի կենտրոնական հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, եզրային կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը, աջ վինգեր Դանու Սպատարուն, ինչպես նաև իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին, ով առաջնության երկրորդ հատվածը պարզապես փայլուն է անցկացնում։ Նշենք, որ Վիմերկատին «Միլանի» մարզադպրոցի սան է։

Ինչ վերաբերվում է «Լոռիին» և «Ալաշկերտին», ապա կարելի է ասել, որ այս թիմերը առաջնության երկրորդ հատվածը մասամբ ձախողում են, հատկապես՝ «Լոռին», որը, ինչպես նախորդ մրցաշրջանում, այնպես էլ 2019/20 մրցաշրջանում առաջնության երկրորդ հատվածում խաղային մեծ անկում է գրանցում։

«Լոռիի» խաղային որակների վրա միանշանակ ազդեց նաև իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիայի հեռանալը։ Իսպանացի մասնագետը կորոնադադարի ժամանակ մեկնել էր Իսպանիա և չէր կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ, ինչպես գիտեք, Հայաստանի օդային սահմանները երկկողմանի փակ են, այդ պատճառով էլ Վանաձորը ներկայացնող ակումբը ստիպված եղավ խզել նրա հետ պայմանագիրը, իսկ նրա փոխարեն նշանակվեց Արմեն Սանամյանը։ Սակայն, կարծում ենք, որ Դավիդ Կամպանիայի համար հնարավոր էր կազմակերպել չարտերային թռիչ՝ վերադարձնելով նրան վանաձորյան ակումբ, ինչպես դա եղավ հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի դեպքում

«Ալաշկերտն» էլ երեկ պաշտոնապես հայտարարեց, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ձախ պաշտպան Եղիշե Մելիքյանը, ով վերջին մեկ տարում գլխավորում էր ուկրաինական «Լվովը»։ «Ալաշկերտն» իր ներուժով և կազմով միանաշանկ չի զիջում վերոնշյալ ակումբներին, սակայն ամեն անգամ մի բան պակասում է և ինչ-որ տարօրինակ որոշումներ են կայացվում ամենաանհարմար պահերին, բայց հուսով ենք՝ Եղիշե Մելիքյանը ակուբի ներսում կարգուկանոն կհաստատի։

Այսպիսով առաջնության վերջնամասը խոստանում է մեղմ ասած լինել լարված։ Թող հաղթի ուժեղագույն ակումբը, սակայն հուսով ենք, որ սա միայն լավի սկիզբն է, քանի որ նկատելիորեն առաջնության խաղամակարդակը բարձրացել է, բայց միանշանակ լուրջ մտավախություն ունենք հայ խաղացողների հետ կապված։ Հայաստանի հավաքականի սելեկցիոներները չպետք է ստիպված այլազգի ֆուտբոլիստներ հրավիրեն հավաքական, քանի որ մեր ակումբների երիտասարդական կազմերում խաղում են բավականին որակյալ և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստներ, ովքեր հաճախ իրենց ակումբների գլխավոր թիմերում այդպես էլ մնում են պահեստային։ Ինչպես վերևում նշեցինք, ՀՖՖ-ն այս հարցի շուրջ պետք է լուրջ մտածի և մտահոգվելու լուրջ առիթներ ունի։

Ամեն դեպքում, սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023