Բորուսիաները վստահ տեսք ունեին?

Բորուսիաները վստահ տեսք ունեին?

01/06/2020 - 12:00

Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում մոտենում է ավարտին 29-րդ տուրը։

Երեկ՝ մայիսի 31-ին, կայացավ երկու հանդիպում։ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տամ մրցեց առաջնության վերսկսումը ձախողող «Ունիոն Բեռլինի» դեմ։

Առաջին խաղակեսում Մարկո Ռոզեի սաները ունեին ակնհայտ առավելություն՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Նախ 17-րդ րոպեին Ֆլորիան Նոյհաուսը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստանալով գնդակը՝ տեղաշարժվեց ձախ եզր և գրավեց մրցացկի դարպասը։

41-րդ րոպեին Ալասան Պլեան ձախ եզրից հիանալի փոխանցում կատարեց Մարկուս Թյուրամի ուղղությամբ, ով գլխի տիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ։

Նշենք, որ Մարկուս Թյուրամը իր գոլը նվիրել է մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ոստիկաններից մեկի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեին, հյուրեը կրճատեցին հաշվի տարբերությունը։ Տուգանային հարվածի խաղարկումից հետո հյուրերի լավագույն ռմբարկու Սեբաստիան Անդերսոնը գրավեց խփեց իր 12-րդ գնդակը։

Սակայն, ընդամենը 9 րոպե անց՝ 59-րդ րոպեին, Ալասան Պլեան հերթական անգամ գտավ Մարկուս Թյուրամին, ով եզրափակեց աջ եցրիզ կատարված հիանալի փոխանցումը։

81-րդ րոպեին էլ իր գնդակը խփեց Ալասան Պլեան, ում գոլային փոխանցում կատարեց Ռամի Բենսեբաինին։ Նշենք, որ Մարկուս Թյուրամը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում դարձել է արդեն 10 գոլի հեղինակ, իսկ Ալասան Պլեան 20 միավոր է հավաքել գոլ + գոլային փոխանցում անվանակարգում՝ դառնալով 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Այպիսիով, Մարկո Ռոզեի թիմը վաստակեց 56 միավոր, շրջանցելով «Բայերին» և «Լայպցիգին», կրկին բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Ունիոնը» 31 միավորով 14-րդն է։

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվել էր առաջնության հետնապահ «Պադերբորնին»։

Տանտերերը միայն մեկ խաղակես կարողացան դիմադրել հյուրերին, իսկ երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած «Պադերբորնը» սկսեց մեկը մյուսի հետևից գոլեր բաց թողնել։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում «իշամեղուները» երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ 54-րդ րոպեին աչքի ընկավ Տորգան Ազարը, իսկ 57-րդ րոպեին՝ Ջեյդոն Սանչոն։

72-րդ րոպեին տանտերերը մեկ գնդակ հետ բերեցին։ 11 մետրանոց նշակետից գոլի հեղինակ դարձավ Ուվե Հյունեմայերը, սակայն ընդամենը երկու րոպե անց Ջեյդոն Սանչոն վերականգնեց երկու գնդակի տարբերությունը։

Խաղավարտին մոտ հյուրերը ևս երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ վերջնապականապես ջախջախելով «Պադերբորնին»։ 85, 87 և 90+1-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Մարսել Շմելցերը և Ջեյդոն Սանչոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Անգլիացի 19-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ ինչպես Մարկուս Թյուրամը, այնպես էլ Աշրաֆ Հակիմին և Ջեյդոն Սանչոն իրենց գոլերը նվիրեցին Ջոյջ Ֆլոյդին։

«Դեղինները» վաստակեցին 60 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 7 միավոր, իսկ «Պադերբորնն» ունի ընդամենը 19 միավոր և եզրափակում է աղյուսակը։

29-րդ տուրի շրջանակում կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բավարիա» 5։0 «Ֆորտունա Դյուսելդորֆ»

«Վոլֆսբուրգ» 1։2 «Այնտրախտ»

«Հերտա» 2։0 «Աուգսբուրգ»

«Մայնց» 0։1 «Հոֆֆենհայմ»

«Ֆրայբուրգ» 0։1 «Բայեր»

«Շալկե» 0։1 «Վերդեր»

Տուրի վերջին հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 1-ին։ Երևանի ժամանակով 22։30-ին «Քյոլնը» «Ռեյն Էներգի» մարզադաշտում կմրցի «Լայպցիգի» դեմ։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023