Գերդրամատիկա․ Բարսելոնան տապալվում է, Ատլետիկը՝ պատմություն կերտում` նվաճելով Իսպանիայի Սուպեր գավաթը 🎥

Գերդրամատիկա․ Բարսելոնան տապալվում է, Ատլետիկը՝ պատմություն կերտում` նվաճելով Իսպանիայի Սուպեր գավաթը 🎥

18/01/2021 - 02:31

Հունվարի 18- ին Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ատլետիկ Բիլբաոն»։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից Ռոնալդ Կումանի սաներն ունեին առավելություն, սակայն բասկյան ակումբը, որպես համակարգ և թիմ, շատ ավելի լավ տեսք ուներ։

Չնայած վերոնշյալ վերջին կետին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 40-րդ րոպեին գրեթե կատարյալ գրոհ անցկացրին, ինչի արդյունքում էլ բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Մարսելինո Գարսիա Տորալի սաները չընկվճեցին և ընդամենը 2 րոպե անց հավասարեցրին հաշիվը․ Ինյակի Վիլիամսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օսկար դե Մարկոսը։

57-րդ րոպեին արդեն «Ատլետիկի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան։ Տուգանայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Գարսիան, սակայն հանդիման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն, խորհրդակցելով VAR համակագրի սենյակում աշխատող իր աշխատակիցների հետ, չեղարկեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Երկրորդ խաղակեսը հիմնականում հավասար պայքարում էր անցնում, սակայն, «կապտանռնագույնները» կարողացան ապացուցել իրենց բարձր կարգն ու 77-րդ րոպեին, ի վերջո, հաշիվը դարձրին 2։1։ Ուսման Դեմբելեն ու Ժորդի Ալբան հարձակման ձախ եզրում գնդակը «պատ» խաղարկեցին, ինչի արդյունքում իսպանացի պաշտպանը ներխուժեց տուգանային հրապարակ, որտեղ էլ գտավ Անտուան Գրիզմանին, վերջինս էլ հանգիստ գրավեց Ունայի Սիմոնի դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Թվում էր՝ կատալոնական ակումբը կտիրանա հերթական գավաթին, սակայն խաղավարտին մոտ բասկյան ակումբի ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն ցուցաբերեցին և հանդիպման 90-րդ րոպեին հաջողվեց փրկել խաղն ու այն տեղափոխվել լրացուցիչ ժամանակ։ Հերթական տուգանայինի խաղարկումից հետո Իկեր Մունիայինի փոխանցումից հետո Ասյեր Վիլյաիբրեն հաշիվը դարձրեց 2։2։

Հանդիպման 94-րդ րոպեին «Ատլետիկի» ֆուտբոլիստները մրցակցի կիսադաշտում վերահսկում էին գնդակը․ Մունիայինի փոխանցումներից մեկը հարձակման ձախ եզրում գտավ Ինյակի Վիլյամսին, ով աջ ոտքի պտտեցրած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ առաջ մղելով իր թիմին։

Վիլյամսի խփած նման գնդակից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ոչ մի կերպ չկարողացան ուշքի գալ և փրկել հանդիպումը։

Հանդիպման 120+1-րդ րոպեին բանը հասավ նրան, որ Խեսուս Խիլ Մանսանոն կոպիտ խաղի համար կարմիր քարտով պատժեց Լեո Մեսսիին։

Այսպիսով, Մարսելինո Գարսիա Տորալը, ով ընդամենը երկու շաբաթ առաջ է ստանձնել բասկյան ակումբի ղեկը, «Ատլետիկին» տիտղոս է պարգևում։ Բասկերը Իսպանիայի Սուպեր գավաթի շրջանակում նախ հաղթեցին «Ռեալին», ապա՝ «Բարսելոնային»՝ ակումբի պատմության շրջանակում ընդամենը 3-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ «Ատլետիկը» վերջին անգամ այս գավաթը նվաճել էր 2015 թվականին՝ եզրափակչչում երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5։1 հաշվով հաղթելով նույն «Բարսելոնային»։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023