Արթուր Քարտաշյան․ «Վստահ էի, որ հայտացուցակում իմ անունն էլ կտեսնեմ, բայց հետո մեծ հիասթափություն ապրեցի»։

Արթուր Քարտաշյան․ «Վստահ էի, որ հայտացուցակում իմ անունն էլ կտեսնեմ, բայց հետո մեծ հիասթափություն ապրեցի»։

26/11/2022 - 12:59

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական երկու հանդիպում անցկացրեց։ Ռոման Բերեզովսկու կազմած հայտացուցակը քննարկման մեծ առիթ բարձրացրեց։ Այդ ցուցակից համար մեկ բացակայողներից մեկը կիպրական «Նիկոսիա Օլիմպիակոսում» հանդես եկող 25-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանն էր։ Interfootball-ը զրուցել էր նրա հետ՝ խոսելով թե՛ իր թիմից, թե՛ հայկական ֆուտբոլից մինչև ֆուտբոլային իր ամենամեծ երազանքը։

—Արթուր, դուք խաղում եք Կիպրոսը ներկայացնող  «Նիկոսիայի Օլիմպիակոսում»: Թիմը նախավերջին հորիզոնականում է։ Ի՞նչ խնդիր է լուծելու այս տարի Ձեր թիմը։

Մեր թիմն այժմ պայքարում է՝ վերջին հորիզոնականում չհայտնվելու համար։ Մեր նպատակն է պայքարել և չգնալ երկրորդ դիվիզիոն։

—Դուք 12 խաղից 11-ին մասնակցել եք։ Սա խոսում է այն մասին, որ Դուք թիմի առանցքային խաղացողներից եք։ Ո՞րն էր Ձեր հաջողության բանալին, որ թիմի նախկին մարզիչ Յաննիս Պետրակիսը վստահում էր Ձեզ։

Այո՛, 12 հնարավոր խաղից մասնակցել եմ 11 խաղի։ Մեկ խաղ բաց եմ թողել։ Մարզիչը հանգստանալու հնարավորություն տվեց ինձ «Դոկսայի» դեմ խաղում, քանի որ հաջորդ խաղում մրցելու էինք «Ապոլոնի» դեմ։ Իսկ հաջողության բանալին այն է, որ պետք է շատ աշխատել, պետք է մարզիչների վստահությունը շահել, որ կարողանաս մեկնարկային կազմում խաղալ։ Ինձ թվում է, որ դա շատ աշխատանքի արդյունքն է։

—Երկար տարիներ` 2014/15 մրցաշրջանից սկսած` խաղում եք Հայաստանում։ Հետո տեղափոխվեցիք Ձեր ներկայիս թիմ։ Այլ տարբերակներ ունեի՞ք արտերկրից։

Տարբերակներ ունեի Հայաստանից նաև արտերկից, բայց ամենալավ տարբերակը եղավ կիպրական «Նիկոսիայի Օլիմպիակոսը»։

—Հայաստանում երկար ժամանակ եք խաղացել և բավական ժամանակ է Կիպրոսում եք խաղում։ Ի՞նչ տարբերություններ ու նմանություններ կան։

Այո՛, կարիերայիս 90-95% անցկացրել եմ՝ խաղալով հայկական ակումբներում։ Տարբերություններից կնշեմ այն, որ արագությունների տարբերություն կա։ Կիպրոսում արագությունն այլ է, բայց Հայաստանի առաջնությունն էլ է շատ-շատ բարգավաճել։ Բայց վստահ եմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ կարող են խաղալ նաև Կիպրոսի առաջնությունում։

—Դուք «Փյունիկում» ևս խաղացել եք։ Դիտե՞լ եք նրանց խաղերը եվրագավաթում, ի՞նչ տպավորություն ունեք։

Այո՛, «Փյունիկը» իմ հարազատ թիմն է, ես մանկությունս եմ անցկացրել այնտեղ ու երկար տարիներ այնտեղ եմ խաղացել։ Անպայման դիտել եմ բոլոր խաղերը ու երկրպագել եմ «Փյունիկին»։ Մեծ նվաճում էր հայկական ֆուտբոլի համար, և ես շատ ուրախ եմ այդ առիթով։

—Հետևո՞ւմ եք Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգային։ Եթե այո, ապա ո՞ր թիմը, ըստ Ձեզ, կհռչակվի չեմպիոն։

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գրեթե բոլոր խաղերին հետևում եմ, ու հիմա շատ դժվար է կանխատեսելը, թե որ թիմը կհռչակվի Հայաստանի չեմպիոն, որովհետև դեռ առաջին մրցափուլն է ավարտվում։ «Փյունիկը», «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան»՝ այս 4 թիմերի մեջ է լինելու չեմպիոնական մրցակցությունը։ Բայց դեռ կանխատեսում չունեմ։

—Դուք խաղացել եք նաև «Սևանի» կազմում։ Շատերի համար տխուր էր, որ այդպիսի հավակնոտ ակումբը լուծարվեց։ Ի՞նչ կասեք այս մասին։

«Սևանի» մասին կասեմ, որ շատ մեծ ցավ եմ ապրում, որ ներկայումս չկա այդ ակումբը և լուծարվեց, որովհետև ձևավորվել էր շատ լավ կոլեկտիվ, լավ ֆուտբոլիստներ՝ շատ լավ մարդկանցով։ Նշեմ, որ «Սևանը» ամեն-ամեն ինչով շատ լավ մակարդակի վրա էր։ Մենք շատ լավ էինք սկսել առաջնությունը, լավ էր ընթանում ամեն ինչ, ուղղակի ինչ-ինչ պատճառներով եղավ այն, ինչ եղավ։ Տխուր եմ։

—Կրել եք նաև «Նոայի» մարզաշապիկը։ Ի՞նչ սովորեցիք` այդ թիմում խաղալով։

«Սևանից» հետո, երբ թիմը լուծարվեց, տեղափոխվեցի «Նոա»։ Այնտեղ խաղացի մոտ 6 ամիս։ Շատ-շատ լավ տպավորություններ ունեմ։ Շատ լավ ինտեգրվել էի թիմին, կոլեկտիվին, ամեն ինչ լավ էր, բայց դրանից հետո ստացա արտերկրի առաջարկը և ընդունեցի այն։ Տեղափոխության մասով շնորհակալություն եմ հայտնում «Նոա» ակումբին, որ ընդառաջեց ինձ։

—Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց։ Հայտացուցակը, մեղմ ասած, լավագույններից չէր։ Դուք ևս չկայիք։ Ժամանակը չէ՞, որ Ձեզ նույնպես հրավիրեն հավաքական։

Ճիշտն ասած՝ Հայաստանի հավաքականի այս ընկերական հանդիպումներին շատ-շատ մեծ սպասում ունեի, որ պետք է հրավիրվեմ հավաքական և ցանկը տեսնելիս վստահ էի, որ իմ անունն էլ կտեսնեմ, բայց, ցավոք, չտեսա։ Սակայն, կա այն, ինչ կա։ Պետք է ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի մարզչիների ուշադրությունը գրավես։ Շատ մեծ ցավ եմ ապրում, որ շատ-շատ սպասում էի, բայց հետո շատ մեծ հիասթափություն ապրեցի։ Սա ֆուտբոլ է, պետք չէ հետ նայել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի նորից հրավիրվել Հայաստանի հավաքական։ Ու ես հաստատ հրավիրվելու եմ Հայաստանի հավաքական։

—Խաղացել եք տարբեր տարիքային հավաքականների կազմում և ևս մեկ խաղ էլ ազգային հավաքականում։ Ի՞նչ զգացողություններ են ունենում ֆուտբոլիստները, երբ խաղում են իրենց երկրի համար։

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, ինձ թվում է, ամենակարևոր բաներից մեկն է ֆուտբոլում, որ կարողանում ես քո երկիրը ներկայացնել, քո երկրի մարզաշապիկը կրել, զինանշանը կրել։ Սա շատ մեծ պարտականություն է և պատիվ, որ պետք է փորձես անել ամեն ինչ՝ քո երկիրը պատվով ներկայացնելու համար։ Այո՛, ես խաղացել եմ գրեթե բոլոր տարիքային հավքականներում։ Դա ինձ համար շատ մեծ պատիվ էր և պատասխանատվություն։

—Որևէ ֆուտբոլիստ կա՞, ում դեմ խաղալը շատ դժվար է եղել։

Խաղացել եմ շատ անվանի ֆուտբոլիստների դեմ, բայց կառանձնացնեմ երկու ֆուտբոլիստի խաղը, ում դեմ խաղալը, այո՛, շատ դժվար էր։ Մ17 տարքիայինների հավաքականի կազմում խաղում էինք Անգլիայի դեմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, Պատրիկ Ռոբերտսն էր («Սանդերլենդ»), ում դեմ դժվար էր խաղալը։ Այդ ժամանակ նա շատ մեծ անուն էր ձեռք բերել։ Այդ ժամանակ նա խաղում էր «Մանչեսթեր Սիթիում»։ Կառանձնացնեմ նաև Լուկա Յովիչին («Ֆիորենտինա»), ով «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ էր։ Նրա դեմ խաղացել ենք Մ21 տարեկանների Սերբիայի ընտրանու դեմ խաղում։

—Եթե հնարավորություն ունենայիք խաղալու Հայաստանում, ապա ո՞ր թիմում։

Ճիշտն ասած՝ այս հարցին չեմ կարող հստակ պատասխանել։ Հայկական բոլոր ակումբներն էլ շատ լավն են, ամենքն ունեն իրենց փիլիսոփայությունը, իրենց առջև դրված նախագիծը։ Բոլոր ակումբներն էլ սիրում եմ, բայց երբ այդ ժամանակը գա, կընտրեմ։

Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023