Արգենտինան գերդրամատիկ պայքարում հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպոին 🎥

Արգենտինան գերդրամատիկ պայքարում հաղթեց Ֆրանսիային` դառնալով աշխարհի եռակի չեմպոին 🎥

18/12/2022 - 21:55

ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում Լուսայիլում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

Հանդիպման հենց սկզբից «ալբիսելեստեն» տիրեց նախաձեռնությանը և ժամանակի ընթացքում մեծացրեց ճնշումը։

23-րդ րոպեին արգենտինացի վինգեր Անխել դի Մարիան հարձակման ձախ եզրում հիանալի անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ում Ուսման Դեմբելեն միայն կանոնների խախտման գնով կանգնեցրեց։

Հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը 11-մետրանոց նշանակեց «եռագույնների» դարպասին, որը Լեո Մեսսին անվրեպ իրացրեց այն` բացելով հաշիվը։

Դիդիե Դեշամի թիմը ուշքի չէր եկել բաց թողած գոլից, երբ 36-րդ րոպեին «ալբիսելեստեն» կատարյալ հակագրոհ զարգացրեց, որը եզրափակեց Անխել դի Մարիան։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում մինչև 80-րդ րոպեն ամեն ինչ ընթանում էր Լիոնել Սկալոնիի թիմի սցենարով. Արգենտինան ամբողջությամբ վերահսկում էր հանդիպումը, իսկ «եռագույնները» կարծես քնած էին։

Այդուհանդերձ, Ֆրանսիան պարզապես հերոսական կամք դրսևորեց և ընդամենը երկու րոպեում ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը։

Կիլիան Մբապեն ընդամենը 94 վայրկյանում դարձավ դուբլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:2 հաշիվը։

Խաղավերջում Դեշամի թիմը կարծես թևեր ստացավ։ «Եռագույններն» սկսեցին տիրել նախաձեռնությանն ու անհավանական ճնշում էին գործադրում Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն արգենտինացիները հետ մղեցին բոլոր գրոհները։

90+7-րդ րոպեին «ալբիսելեստեն» քիչ մնաց հաղթանակ կորզեր, սակայն Մեսսիի հեռահար հուժկու հարվածից հետո «եռագույններին» փրկեց Ուգո Լյորիսը։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակն ավարվեց 2:2 հաշվով, ինչից հետո խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ առաջին կեսում Սկալոնիի թիմը կրկին ուներ խաղային առավելություն. 105-րդ րոպեին հարվածային դիրքում էր Լաուտարո Մարտինեսը, սակայն վերջինս վրիպեց անչափ նպաստավոր դիրքում։

«Ալբիսելեստեի» ճնշումը մեծանում էր, ինչն էլ իր արդյունքը տվեց արդեն լրացուցիչ երկրորդ խաղակեսում. 109-րդ րոպեին արգենտինացիները բազմաքայլ գրոհ զարգացրին, որն էլ խառնաշփոթ իրավիճակում եզրափակեց Մեսսին` հաշիվը դարձնելով 3:2։

Թվում էր` վերջ, «եռագույններն» իրենց մեջ այլևս ուժ չեն գտնի, սակայն 117-րդ րոպեին Արգենտինայի աջ պաշտպան Գոնսալո Մոնտիելը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց Արգենտինայի դարպասին։

Գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն, ով դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:3` իր անվան դիմաց էլ գրանցելով հեթ-տրիկ։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին, ինչից հետո կողմերը հաղթողին որոշելու համար իրացրին 11-մետրանոցներ։

Հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները` հաղթելով 4:2 հաշվով։

Այսպիսով, «ալբիսելեստեն» դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023