«Արարատ-Արմենիան» կորցրել է իր փայլը․ ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլին նոր շունչ բերած ակումբի հետ

«Արարատ-Արմենիան» կորցրել է իր փայլը․ ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլին նոր շունչ բերած ակումբի հետ

30/11/2022 - 18:34

Ոչ վաղ անցյալում «Արարատ-Արմենիան» հայկական ֆուտբոլի ամենահզոր թիմն էր։ Մրցակից նրանց՝ որպես այդպիսին, կարող ենք ինչ-որ վերապահումներով ասել, չկար։

Նրանք փայլուն պատմության սկիզբ դրեցին, որը խոստանում էր կրկնապատիկ ու եռապատիկ անգամ արագ ու համաչափ զարգացում, բայց անցել է որոշ ժամանակ, և այս թիմը կորցրել է իր փայլը։

Ինչո՞ւ «Արարատ-Արմենիան» հայտնվեց այս իրավիճակում։

«Արարատ-Արմենիայի» նման իրավիճակի սկիզբը Դմիտրի Գունկոյից հետո չսկսկվեց, այն ավելի խորը արմատներ ունի։

Վարդան Մինասյանից հետո թիմի ղեկը ստանձնեց Դավիդ Կամպանիան, ով մինչ այդ շատ լավ աշխատանք էր տարել Վանաձորի «Լոռիի» հետ։ Դրանից հետո նա գլխավորեց երևանյան թիմը։ Իսպանացի մասնագետը փոխեց թիմի փիլիսոփայությունը և խաղային ոճը։ Եթե Մինասյանի օրոք երևանյան ակումբը հիմնականում գործում էր 4-2-3-1 և 4-3-3 սխեմաներով և նախապատվություն էր տալիս խաղալ ընդգծված «9» համարով, ապա Դավիդ Կամպանիան միանգամայն այլ ֆուտբոլ էր դավանում։

Սկզբնական փուլում թիմը խաղում էր 3-5-2 սխեմայով, և այդքան էլ բավարար խաղ ու արդյունքներ չէր գրանցում։ Որոշ ժամանակ հետո թիմն սկսեց հարմարվել և խաղալ այն ֆուտբոլը, որը ուզում էր Կամպանյան։

Սակայն, սա «մինասյանական» ֆուտբոլին չհարող խաղ էր, և այն նույն կազմը, որը կար Մինասյանի օրոք, պատրաստ չէր նման փոփոխությունների։ Արդարության համար` նշենք, որ Կամպանիան «Արարատ-Արմենիայի» հետ հասավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում զիջեց «Ցրվենա Զվեզդային»։

Գուցե, արդյունքի առումով գոհացուցիչ էր, բայց խաղային տեսանկյունից «Արարատ-Արմենիան» դարձել էր պաշտպանողական և հակագրոհային թիմ, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք չէինք պատկերացնում այս ակումբին, բայց 2021 թվականի մարտի 5-ին Կամպանիան լքեց Հայաստանը, ինչից հետո սկսվեց «Արարատ-Արմենիայի» ամենածանր ժամանակաշրջանը, երբ եկավ մարզիչ, ով երկար ժամանակ թիմ չէր մարզել։

Խոսքն Անատոլի Բայդաչնու մասին է, ով վերջին անգամ որևէ ակումբ մարզել էր 2012 թվականին։

Այդ ժամանակ թիմ էին հրավիրվում անհամապատասխան ֆուտբոլիստներ, խաղը կաղում էր, և թիմն ուղղակի կորցնում իր փայլը։

Դավիդ Կամպանիայի ֆուտբոլն ուղղակի վնասեց թիմին, դրանից հետո Բայդաչնու ոչ լիարժեք ֆուտբոլային ոճը էլ ավելի սրեց իրավիճակը, և դրա պատճառով էլ «Արարատ-Արմենիան» այդ մրցաշրջանից հետո եվրագավաթային ուղեգիր չնվաճեց։

Թիմին կենդանություն էր պետք թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզչի տեսքով։ Ընտրությունը կանգ առավ ռուս մասնագետ, Հայաստանում արդեն բավարար փորձ ունեցող մարզիչ Դմտրի Գունկոյի վրա։

Գունկոյի ֆուտբոլը միանգամայն այլ գաղափարներ ունի` ավելի հարձակողական, նոր մոտեցումներով, նոր խաղացողներով և հայտնություններով՝ ի դեմս Արտյոմ Ավանեսյանի, Ալվին Թերայի, Ուլիֆրիդ Էզայի։

Թիմը այնքան լավ ու համակրելի խաղ էր ցույց տալիս, որ նախորդ մրցաշրջանի 16 խաղերից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 42 միավոր։ Ֆուտբոլիստներ+մարզչական աշխատանք+նվիրվածություն։ Սրանք այն գործոններն էին, որոնք լավ արտահայտվում էին Գունկոյի «Արարատ-Արմենիայում», հատկապես, մրցաշրջանի առաջին հատվածում։

Այո՛, Գունկոն երկրորդ հատվածը չկարողացավ թիմին պահել նույն ալիքի վրա, իսկ «Արարատ-Արմենիան» շտապեց ու թույլ տվեց սխալ՝ հեռացնելով նրան, որը այսօր իր դառը պտուղներն է տալիս։ «Արարատ-Արմենիայի» խնդիրները սկսվեցին Վարդան Մինասյանին համապատասխան փոխարինող չգտնելուց հետո մինչև Գունկոյի նշանակումը, սակայն նրա հեռանալուց հետո սկսվեց երկրորդ ծանր շրջանը։ Ու այստեղ առաջանում են բազում հարցեր՝ կապված Գունկոյի հեռանալու հետ։ Ինչո՞ւ պայմանագիր կնքել մի մարզչի հետ՝ «Հայաստանի առաջնությունում» պարտադիր չեմպիոն դառնալու կետով։

Գունկոյի խաղն արդեն իսկ նոր մակարդակի էր դուրս բերել թիմին և նրան չհեռացնելու դեպքում հավանականությունը մեծ էր, որ ակումբը չէր ձախողվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում՝ պայքարից դուրս մնալով էստոնական «Պայդեից»։

Գունկոյին հեռացնելու դեպքում պետք է ունենալ ավելի մեծ ու հավակնոտ մարզչի, ով վստահաբար պատրաստ է գլխավորել թիմը։ Վարդան Բիչախչյանը իր այս խաղով ապացուցում է, որ դեռ չի կարող «Արարատ-Արմենիային» դուրս բերել այս իրավիճակից։ Այո՛, սկզբնական փուլում նրան ժամանակ էր պետք, պետք էին նոր ֆուտբոլիստներ։ Բիչախչյանը, ինչպես տեսնում ենք, ստացավ այդ բոլորը։ Թիմ եկան Հայաստանում հանդես եկող շատ լավ ֆուտբոլիստներ, լեգեոներներ, ունեցավ ժամանակ, բայց թե՛ խաղային որակը, թե՛ արդյունքը երկրպագուների համար չեն։ «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ ընդունեց Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում, գուշակեք՝ որ ակումբից, իհարկե, ճիշտ եք, «Ուրարտուից»։ Այն նույն «Ուրարտուից», ով չկորցրեց պահն ու թիմ հրավիրեց Դմիտրի Գունկոյին, ով սլանում է իր թիմի հետ դեպի չեմպիոնություն ու գավաթի եզրափակիչ։

Թիմի ֆուտբոլիստները ևս այդքան էլ հաջող չեն համագործակցում։ «Արարատ-Արմենիան» «Բավարիայի» պես թիմ հրավիրեց առաջնության լավ ու հասուն խաղացողներին և նրանց կողքին փորձեց կառուցել թիմը, բայց․․․

Ուգո Ֆիրմինոն հեռացավ «Փյունիկից», բայց նրա խաղը անգամ մոտ չէ «նռնագույնների» կազմում ցուցադրած խաղին։

Բիչախչյանը փորձում է խաղը կառուցել պորտուգալացու շուրջը, բայց նա դեռ չի ադապտացել, սակայն ի՞նչի մասին է խոսքը, եթե 3-4 ամիս շարունակ նա մեկնարկային կազմում է խաղում, ուրեմն նա չի կարողանում այս թիմում արդյունքի հասնել։ Անարդյունավետ տրանսֆեր։ Որքան էլ զարմանալի է, բայց թիմի լավագույն ռմբարկուներից մեկը նա է։ Էզան և Ֆիրմինուն խփել են 9 գոլ։

Վսևոլոդ Երմակովը, ով Բիչախչյանի սիրելի ֆուտբոլիստներից մեկն է, այս մրցաշրջանում հաջող չի գործում։ Նա 18 խաղից հետո բաց է թողել 14 գոլ։ Համեմատության համար`նշենք, որ Վալերիո Վիմերկատին նախորդ մրցաշրջանի 34 խաղում բաց էր թողել ընդամենը 23 գնդակ։

Մաիլսոն Լիման Բիչախչյանի համար այդքան էլ համակրելի խաղ չի ցուցադրում, սակայն նրա ոգին, խաղը, որակները և միտքը կապված են այս թիմի հետ։ Նա անկեղծորեն ցավում է այս թիմի համար։ Կաբովերդեցի ֆուտբոլիստն ամենակարևոր ու առանցքային խաղացողներից է, և եթե նրա խաղը արդյունավետ չէ, դժվար է պատկերացնել, որ թիմը արդյունավետ կլինի։ Որքան էլ ցավոտ հնչի, բայց նա այս մրցաշրջանում ընդամենը 2 գոլ է խփել։

Ուիլֆրեդ Էզայի խաղը ևս խամրել է։ Նախորդ մրցաշրջանում նա գլխավոր հարվածային ուժն էր Գունկոյի համար։ Արդյունքի տեսանկյունից Էզան ավելի լավ մրցաշրջան է անցկացնում, բայց սա նախորդ տարվա Էզան չէ, իսկ հակառակը չեք համոզի։

«Արարատ-Արմենիան» սկսել է գումարներ «խնայել» թիմի համար։ Նրանց տրանսֆերային արժեքը այս պահին 5․16 մլն եվրո է։ Տրանսֆերային արժեքով գրեթե հավասարվել են «Ուրարտուին» և «Ալաշկերտին», իսկ նախորդ տարի թիմի տրանսֆերային ամբողջ արժեքը եղել է 6․5 մլն եվրո։ Այս փաստը նույնպես խոսում է թիմի ներկայիս վիճակի մասին։

«Արարատ-Արմենիան» պետք է գործի։ Շուտով ձմեռային տրանսֆերային պատուհանն է։ Կամ Վարդան Բիչախչյանը պետք է հաղթի Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգան կամ «Արարատ-Արմենիան» կկորցնի ևս մեկ տարի։ Ձմռանը թիմի ղեկավարությունը պետք է հստակ ու հավասարակշիռ որոշում կայացնի․ թողնե՞լ Բիչախչյանին և փորձել նրա հետ ավարտել առաջնությունը, որը երաշխավորված չէ, թե՞ բերել մեկ այլ մարզչի, ում առաջ կդրվի նպատակ լինել` եվրագավաթային գոտում և հնարավորության դեպքում չեմպիոնության համար պայքարել։ Թիմը, իհարկե, ունի կատարողներ՝ ի դեմս Մաիլսոն Լիմայի, Հուգո Ֆիրմինոյի, Ուիլֆրիդ Էզայի, Ավանեսյանի, Տենտոն Յենեի․․․

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023