Արարատն ու Փյունիկն անդրադարձել են ֆուտբոլիստների ձերբակալությանը դեպքին

Արարատն ու Փյունիկն անդրադարձել են ֆուտբոլիստների ձերբակալությանը դեպքին

01/09/2020 - 01:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 30-ին Երևանում՝ «Կասկադի» հարևանությամբ անկարգություններ են տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների մասնակցել են նաև «Փյունիկի» երեք ֆուտբոլիստներ՝ Սերոբ Գրիգորյանը, Արաս Օզբիլիսը, Էդգար Մալաքյանը, ինչպես նաև «Արարատի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը։ Դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ է հարցուվել, իսկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տարածել է հետևյալ հայտարարությունը․

«2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ  նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

«Արարատ» և «Փյունիկ» ակումբներն իրենց անդրադաձն են կատարել դեպքի հետ կապված՝ տարածելով հետևյալ հայտարարությունները․

«Արարատ»

«Արարատ» ֆուտբոլային ակումբը խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ օգոստոսի 30-ին Կենտրոն համայնքում տեղի ունեցած զանգվածային միջադեպի արդյունքում ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնցից Էդգարը հանդիսանում է «Արարատի» ֆուտբոլիստ:

Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի արդյունքում հասարակության մոտ ստեղծվել է թյուր կարծիք տեղի ունեցածի մասին: Հույս ունենք, որ իրավապահներն օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը:

«Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը:

«Փյունիկ»

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։

Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։

«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023