Ատլետիկոն չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացնում🎥

Ատլետիկոն չեմպիոնության լուրջ հայտ է ներկայացնում🎥

22/01/2021 - 02:36

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» հյուրընկալվեց վտանգավոր գոտու հարևանությամբ հանգրվանած «Էյբարին»։

Համդիպման մեկնարկից քիչ անց՝ 12-րդ րոպեին, տանտերերը հիանալի հնարավորություն ստացան՝ հաշվի մեջ առաջ անցնելու, քանի որ «մատրասայինների» խորվաթ պաշտպան Շիմե Վրսալկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները՝ 11-մետրանոց հարվածի իրավունք պարգևելով մրցակցին։

Որքան էլ որ տարօրինակ հնչի, գնդակին մոտեցավ «Էյբարի» սերբ դարպասապահ Մարկո Դմիտրովիչը և հեշտությամբ գրավեց Յան Օբլակի պաշտպանած դարպասը։

Միայն խաղակեսի վերջնամասում Դիեգո Սիմեոնեյի սաներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը․ մրցակցի պաշտպանի կոպտագույն սխալից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի գոլահար Լուիս Սուարեսը։

Երբ թվում էրմ թե խաղն այդպես էլ կավարտվի, խաղի 90-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը կոպիտ խաղի համար 11-մետրանոց հարվածով պատժեց արդեն տանտերերին։ Գնդակին մոտեցավ Սուարեսը և սառնասրտորեն գնդակը կենտրոնով մխրճեց Դմիտրովիչի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը՝ 1։2։

Հատկանշական է, որ Լուիս Սուարեսը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղից հետո խփել է 11 գոլ և իր նախկին խաղընկեր Լեո Մեսսիի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Մոտակա հետապնդող «Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն խփել է 10 գոլ։

Այս հաղթանակից հետո Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» միավորների քանակը հասցնում է 44-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ արդեն 7 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալից», իսկ «Բարսելոնայից»՝ 10 միավորով։ Ընդ որում՝ «հնդկացիներն» իրենց հիմնական մրցակիցների համամետ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։ «Էյբարն» էլ 19 միավորով 15-րդն է։

Ի դեպ, սա Սիմեոնեյի Սաների 6-րդ անընդմեջ հաղթանակն էր Իսպանիայի առաջնությունում։ Վերջին անգամ «Ատլետիկոն» արտագնա խաղում 2։0 հաշվով զիջել է հենց «արքայական» ակումբին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023