Դրամա Բիլբաոյում․ Ատլետիկոն գլխիկոր է հեռանում Սան Մամեսից🎥

Դրամա Բիլբաոյում․ Ատլետիկոն գլխիկոր է հեռանում Սան Մամեսից🎥

26/04/2021 - 01:00

Իսպանական Լա լիգայի կենտրոնական հանդիպումը կայացավ Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկը» մրցեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Բասկյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ մեկնարկեցին հանդիպումը և արդեն 8-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ալեխանդրո Բերենգերը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում ավելի հավասար պայքար  էր ընթանում, և երկու ակումբներն  էլ աչքի ընկնելու լավ պահեր ունեին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Անխել Կոռեան («Ատլետիկո»), Ասյեր Վիլյալիբրեն («Ատլետիկ Բիլբաո») և Օյան Սանչետը («Ատլետիկ Բիլբաո»)։

Ի վերջո, կողմերն ընդմիջման գնացին բասկյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի սաները տիրեցին նախաձեռնությանը և ունեին տարածքային լուրջ առավելություն մրցակցի նկատմամբ, սակայն «հնդկացիների» խաղում առանձնապես չկար սրություն։

Ամեն դեպքում, 77-րդ րոպեին, «Ատլետիկոյին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Չէր ստացվում գոլի հեղինակ դառնալ խաղից, օգնության հասավ ստանդարտ իրավիճակը։ Անկյունայինի խաղարկումից հետո Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Ստեֆան Սավիչը։

Թվում էր՝ մադրիդցիները նվազագույնը մեկ միավոր կտանեն Բասկոնիայի մայրաքաղաքից, սակայն դրա հետ համաձայն չէին Մարսելինո Գարսիա Տորալի սաները, ովքեր 86-րդ րոպեին հաղթական կորզեցին․ հերթական անկյունայինի խաղարկումից հետո Ինիգո Մարտինեսը գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին՝ ձևակերպելով այս խաղի վերջնական հաշիվը։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն այլևս ո՛չ ուժ ունեին, ո՛չ էլ ժամանակ, որպեսզի խուսափեին պարտությունից։

Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով ցավալի պարտություն կրեց «Ատլետիկ Բիլբաոյից»՝ ռիսկի դիմելով չդառնալ Լա լիգայի չեմպիոն։

Մադրիդյան ակումբը մնաց 73 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն արդեն ընդամենը 2 միավորով է գերազանցում 2-3-րդ հորիզոնականները կիսող «Ռեալին» ու «Բարսելոնային»։

Դեռ ավելին՝ կատալոնական ակումբն էլ մեկ հանդիպում պակաս ունի անցկացրած։ Ռոնալդ Կումանի սաները ապրիլի 29-ին սեփական հարկի տակ մրցելու են «Գրանադայի» դեմ, և հաղթանակի դեպքում կշրջանցեն «Ատլետիկոյին» ու կգլխավորեն մրցաշարային աղյուսակը։

4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սևիլիայի» անվան դիմաց էլ կա 70 միավոր։

Ինչ վերաբերում է «Ատլետիկին», ապա բասկյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023