Ավագյան. «Տարեց տարի առաջնությունն ավելի հետաքրքիր է դառնում»

Ավագյան. «Տարեց տարի առաջնությունն ավելի հետաքրքիր է դառնում»

16/12/2022 - 15:17

Interfootball-ի թղթակից Սամվել Մխիթարյանը հարցազրույց է ունեցել ԲԿՄԱ-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ հենրի Ավագյանի հետ։

Հենրի, Դուք ԲԿՄԱ-ում եք խաղում, որտեղ մեծամասնությունը Ձեզնից տարիքով փոքր է։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում թիմում որպես ավելի փորձառու ֆուտբոլիստ։

– Բնականաբար պատասխանատվության զգացումը շատ ավելի մեծ է, քան երբևէ խաղացացս մնացած թիմերում, քանի որ յուրաքանչյուր քայլս օրինակելի պետք է լինի մյուսների համար։ Առաջին իսկ օրվանից փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի կարողանամ օգտակար լինել բոլոր ֆուտբոլիստներին ու շատ ուրախ եմ, որ բոլորի կողմից վստահության եմ արժանացել, ինչը օգնել է շատ արագ ինտեգրվել թիմին։ Կասեմ նաև, որ գլխավոր մարզչի կատարած մեծ աշխատանքի շնորհիվ է, որ, չնայած ինձնից տարիքով փոքր ֆուտբոլիստներ շատ կան, միշտ նկատել եմ մեծ պրոֆեսիոնալիզմ և վստահ եմ, որ շատ շատերը նման պրոֆեսիոնալ մոտեցուման դեպքում կունենան շատ մեծ ու հետքարքիր ֆուտբոլային ճանապարհ։

ԲԿՄԱ-ն այժմ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում նախավերջին տեղում է։ Ինչո՞ւ չի հաջողվում թիմին ավելի շատ միավորներ վաստակել։

– Ինձ թվում է՝ շատ խաղերում փորձի պակասի հետևանքով է, որ հաղթանակ չկարողացանք ունենալ, սակայն վստահ եմ, որ հաղթանակները առջևում են։ Իսկ նախավերջին հորիզոնականը ԲԿՄԱ-ի համար չէ․ ամեն ինչ անելու ենք, որպեսզի բարելավենք մեր դիրքն առաջնությունում։

Դուք 16 խաղի եք մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում։Ինչպե՞ս կգնահատեք Ձեր խաղը մրցաշրջանի այս հատվածում։

– Չեմ ցանկանա գնահատակամ տալ իմ խաղին, քանի որ գնահատականներ պետք է տան մարզիչները․ թիմին փրկելը վերահաս գոլերից իմ աշխատանքն է, ես էլ փորձում եմ անել առավելագույնը։

Չե՞ք կարծում, որ այսքան շատ պարտությունները կարող են վատ անդրադառնալ թիմի երիտասարդների վրա։

– Պարտությունները նույնպես ֆուտբոլի մաս են կազմում, բայց չեմ կարծում, որ դա վատ կանդրադառնա երիտասարդների վրա, որովհետև հենց այդ դժվարությունները հաղթահարելու շնորհիվ հոգեբանորեն կայունություն ձեռք կբերեն։ Եթե պարտություններից հետո պետք է թևաթափ լինեն ու չպայքարեն հաղթանակներին հասնելու համար, ինձ թվում է՝ երկար ճանապարհ չեն ունենա ֆուտբոլում։

Ի՞նչ խնդիր է լուծելու թիմը մրցաշրջանի երկրորդ հատվածում:

– Ամեն խաղի պետք է դուրս գանք՝ հնարավորինս շատ միավորներ վաստակելու համար։ Ես հավատում եմ, որ կարող ենք ավելի բարձր տեղերում գտնվել, քան հիմա ենք։ Ամեն բան կախված է մեզնից։

Դուք դասվում եք այն հայ ֆուտբոլիստների շարքին, ում կարիերան հիմնականում Հայաստանում է ընթացել։ Այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել։

– Տարեց տարի առաջնությունն ավելի հետաքրքիր է դառնում։ Բոլոր ակումբները ցանկանում են մարտունակ ֆուտբոլիստներով համալրվել, և դա է պատճառը, որ հանդիպումների ժամանակ չկան ֆավորիտներ, գրեթե բոլոր հանդիպումները ընթանում են այնպես, որ երկու թիմերն էլ կարող են և՛ հաղթել, և՛ պարտվել։

Հայաստանի հավաքականում ևս խաղացել եք։ Ի՞նչ է Ձեզ համար նշանակում հետևյալը. «Հայաստանի հավաքականի դարպասում Հենրի Ավագյանն է»։

– Յուրաքանչյուր երեխա, ով ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ, մտքում առաջինը հենց այդ երազանքն է պահում։ Ես կարող եմ ասել, որ իմ երազանքը ժամանակի ընթացքում դարձավ նպատակ և կատարվեց։ Ես շատ երջանիկ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականում նշել եմ նորամուտս: Երկրորդ երազանք-նպատակն էլ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ դաշտ դուրս գալն էր, որը ևս իրականացավ և մեծ նշանակություն ունեցավ կյանքումս։ Ամեն ինչ անելու եմ, որ կրկին արժանանամ մարզիչների վստահությանը և դառնամ հավաքականի հավաքականի առաջին համարը։

Դուք հավակնում եք «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին. սպասո՞ւմ էիք, որ կընդգրկվեք ցանկում։

– Անսպասելի էր, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի, քանի որ կարիերայումս առաջին անգամ էր։

Բոլորը հետևում են աշխարհի առաջնությանը։ Արդյո՞ք Ձեր ֆավորիտը դեռ մրցաշարի մասնակից է, արդարացա՞ն Ձեր սպասելիքները ու ո՞ր հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն։

– Երկրպագում էի Պորտուգալիայի հավաքականին, քանի որ ցանկանում էի՝ Ռոնալդուն դառնար աշխարհի չեմպիոն։ Այժմ ցանկանում եմ, որ Ֆրանսիան դառնա, կարևորն` Արգենտինան հանկարծ չդառնա աշխարհի չեմպիոն (ծիծաղում է)։

Սամվել Մխիթարյան

Հ.Գ. Ցանկանում ենք նշել, որ հարցազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին. ԲԿՄԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Հենրի Ավագյանը հեռացել է ակումբից։

Հ․Գ․Գ. միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023