Այնտրախտը 11-մետրանոցներով հաղթեց Ռեյնջերսին` դառնալով Եվրոպա լիգայի հաղթող🎥

Այնտրախտը 11-մետրանոցներով հաղթեց Ռեյնջերսին` դառնալով Եվրոպա լիգայի հաղթող🎥

19/05/2022 - 01:55

Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։

Ճիշտ է` առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին Գլազգոն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները (58%), սակայն խաղն ընթանում էր «Այնտրախտի» սցենարով, որն ուներ խաղային առավելություն։

Միայն առաջին կեսում Ֆիլիպ Կոստիչն ուներ հաշիվը բացելու երկու հիանալի հնարավորություն, սակայն վրիպեց նպաստավոր դիրքերից։

Առաջին 45 րոպեների հերոսը «ռենջերների» 40-ամյա դարպասապահ Ալան Մաքգրեգորն էր, ով 3 անգամ փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսը բացարձակ այլ ընթացք ստացավ, քանի որ արդեն 57-րդ րոպեին Ջովանի վան Բրոնխորսթի թիմը Ջո Արիբոյի ջանքերով բացեց խաղի հաշիվը։

Հատկանշական է, որ այդ դրվագում նիգերիացի հարձակվողն օգտվեց «արծիվների» պաշտպանների անչափ անհաջող խաղից։

Շոտլանդական ակումբի ուրախությունը կարճ տևեց. 69-րդ րոպեին Ֆիլիպ Կոստիչի` հարձակման ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Ռաֆայել Բորեն խփեց «Այնտրախտի» պատասխան գոլն ու հաշիվը դարձրեց 1:1։

Նշենք, որ այդ դրվագում էլ ձախողվեց «Ռեյնջերսի» պաշտպանությունը։

Խփված պատասխան գնդակից հետո կողմերը որոշակի ակտիվություն ցուցաբերեցին, սակայն որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, երկու ակումբների խաղում սկսեց նկատվել ակնհայտ զգուշավորություն։

Խաղավերջում` 89-րդ րոպեին հարվածային դիրքում էր հայտնվել Ֆիլիպ Կոստիչը, սակայն սերբ լատերալը կրկին վրիպեց։

Ի վերջո, հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչի հետևանքով խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժամանակում երկու ակումբների գլխավոր մարզիչները փորձեցին խաղն ակտիվացնել փոփոխությունների միջոցով, սակայն դրանք գործնականում չտվեցին որևէ արդյունք. չկային իրական գոլային պահեր։

Միայն 118-րդ րոպեին «Ռեյնջերսի» կիսապաշտպան Ռայան Քենթն աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն 25-ամյա ֆուտբոլիստի մոտ տարածությունից կատարած հարվածից հետո «Այնտրախտին» փրկեց դարպասապահ Կևին Տրապը։

Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով, իսկ կողմերը հաղթողին որոշելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ։

«Վիճակախաղում» ավելի դիպուկ գտնվեցին «Այնտրախտի» ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 5:4 հաշվով` պատմության մեջ երկրորդ անգամ հաղթելով Եվրոպա լիգան։

Նշենք, որ ֆրանկֆուրտյան ակումբը նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023