Ալկոյանոյի 41-ամյա դարպասապահի  տպավորիչ ցուցանիշը Ռեալի դեմ խաղում

Ալկոյանոյի 41-ամյա դարպասապահի տպավորիչ ցուցանիշը Ռեալի դեմ խաղում

21/01/2021 - 16:43

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոն» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ մատուցելով խոշոր անակնկալ։

«Ռեալի» դեմ խաղում «Ալկոյանոյի» դարպասը պաշտպանում էր 41-ամյա դարպասապահ Խոսե Խուան Ֆիգուերասը, ով սույն թվականի հունվարի 25-ին կդառնա արդեն 42 տարեկան։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, վետերան դարպասապահն այդ խաղում բավական տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Բանն այն է, որ Ֆիգուերասը «Ռեալի» դեմ խաղում կատարել է 10 սեյվ, ինչն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» դեմ խաղերում լավագույն ցուցանիշն է։

Squawka Football-ն էլ հայտնում է, որ Ֆիգուերասն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է հեռավոր 1999 թվականին, երբ հանդես էր գալիս «Օրենսե» ակումբի կազմում։

Ընդհանրապես, Խոսե Խուան Ֆիգուերասը հիմնականում հանդես է եկել Իսպանիայի ցածր դիվիզիոններում հանդես եկող ակումբների կազմում։ Մասնավորապես՝ նա հանդես է եկել «Օրենսեի» (1999-2002թթ․, 2004-2005թթ․), «Սելտա Բ»-ի (2002-2004 թթ․), «Սյուդադ Մուրսիայի» (2005-2007թթ,), «Գրանադա 74»-ի (2007-2008թթ․), «Ագիլասի» (2008-2009թթ․), «Գրանադայի» (2009-2012թթ․), «Լուգոյի» (2012-2017թթ․), «Էլչեի» կազմում (2017-2019թթ․) , իսկ 2019-ի հուլիսին պայմանագիր է կնքել «Ալկոյանոյի» հետ։

Պետք է նշենք, որ Ֆիգուերասն իր ողջ կարիերայի ընթացքում ընդամենը մեկ հանդիպում ունի Լա լիգայի շրջանակում, որն անցկացրել է Պրեմիերայի 2002/03 մրցաշրջանի 33-րդ տուրում։ Այդ օրը «Սելտան» սեփական հարկի տակ մրցում էր «Բետիսի» դեմ (2։2), իսկ Ֆիգուերասը ստիպված էր փոխարինման մտնել 53-րդ րոպեին, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբի հիմնական դարպասապահ Պաբլո Կավալյերոն կարմիր քարտ ստացավ։

Հատկանշական է, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը ներկա պահին 41-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է ընդամենը 50 հազար եվրո։

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023