Ալեգրին կգլխավորի իտալական գրանդը․ կողմերը համաձայնության են հասել

Ալեգրին կգլխավորի իտալական գրանդը․ կողմերը համաձայնության են հասել

27/05/2021 - 14:53

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Մասիմիլիանո Ալեգրին կրկին կգլխավորի «Յուվենտուսը»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 53-ամյա մասնագետի հետ համաձայնության է հասել այն բանից հետո, երբ կողմերն օրեր առաջ սկսել են կրկին բանակցել։

Ռոմանոն գրում է, որ Ալեգրին սույն թվականի մարտից ի վեր մշտապես բանակցել է «Ռեալի» հետ՝ լինելով ուղիղ կապի մեջ մադրիդյան ակումբի հետ։ Իտալացի մասնագետը նախորդ երեք ամիսների ընթացքում «արքայական» ակումբից սպասել է իրական առաջարկի, որը, սակայն, այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երկար էր կողմնորոշվում իր ապագայի հարցում, ինչից հետո Մասիմիլիանո Ալեգրին որոշել է ընդունել «բյանկոներիների» առաջարկը՝ վերադառնալով «Յուվենտուս»։

«Ինտերը» նույնպես փորձել է համաձայնության հասնել Ալեգրիի հետ, սակայն «ծեր սենյորայի» նախագահ Անդրեա Անյելին բարելավել է իր առաջարկը՝ իտալացի մասնագետից ստանալով դրական պատասխան։

Հավելենք, Մաքս Ալեգրին այդ պաշտոնում կփոխարինի Անդրեա Պիռլոյին, ում պաշտոնանկության մասին կողմերը կհայտարարեն առաջիկա ժամերին։

Հիշեցնենք, որ Մասիմիլանո Ալեգրին 2014-2019 թթ․ արդեն մարզել է «Յուվենտուսը», ում կգլխավորությամբ ակումբը 5 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն, 4 անգամ՝ Իտալիայի գավաթակիր, 3 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթակիր, իսկ 2015 ու 2018 թթ․ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրել՝ զիջելով համապատասխանաբար «Բարսելոնային» (1:3) և «Ռեալին» (1:4)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023