ԱԱ-2026. Բելինգհեմը ճախրում է! Անգլիան դժվարությամբ հաղթեց Նորվեգիային ու կիսաեզրափակիչում է 🎥
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի ազգային հավաքականը Մայամիում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով հաղթեց Նորվեգիայի թիմին։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։
«Վիկինգներից» հաշիվը 36-րդ րոպեին բացեց Անդրեաս Շելդերուպը։ «Երեք առյուծների» գոլը 45+2-րդ րոպեին խփեց Ջուդ Բելինգհեմը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 55-րդ րոպեին, Սոլե Սոլբակենի գլխավորած թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ, բայց գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը VAR համակարգի օգնականների հետ դրվագը քննարկելուց հետո կանոնների խախտման պատճառով Տորբյորն Հեգեմի գոլը չեղարկեց։
Հիմնական ժամանակի մնացած ժամանակահատվածում էլ Նորվեգիայի հավաքականն ուներ հաղթանակ կորզելու հիանալի շանս, բայց 76-րդ րոպեին Քրսիտոֆեր Այերի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Կողմերը գոլեր չխփեցին, ու հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։
93-րդ րոպեին Մորգան Ռոջերսի կատարած հուժկու հարվածից հետո նորվեգացիների դարպասապահ Օրյան Նյուլանդն անհաջող հետ մղեց գնդակը, ինչից հետո Բելինգհեմը գրավեց մրցակցի դարպասը` գրանցելով դուբլ ու առաջ մղելով Անգլիային։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն ԱԱ-2026-ում խփել է արդեն 6 գոլ։ Նույնքան գոլ է խփել նաև հավաքականում նրա թիմակից Հարի Քեյնը։ Մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 8-ական գոլով գլխավորում են Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) և Լիոնել Մեսին (Արգենտինա)։
Թոմաս Տուխելի գլխավորած թիմը խփած գոլից հետո կարողացավ պահել հաղթական հաշիվը։
Այսպիսով, Անգլիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ դուրս եկավ Մունդիալի կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 15-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml