ԱԱ-2022. Ֆրանսիան   վստահ խաղով հաղթեց  Լեհաստանին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ԱԱ-2022. Ֆրանսիան վստահ խաղով հաղթեց Լեհաստանին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

04/12/2022 - 20:58

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Լեհաստանի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կեսի մեծ մասում Լեհաստանի հավաքականը կարողացավ հավասար պայքար առաջարկել աշխարհի գործող չեմպիոններին։

«Սպիտակ արծիվները» որոշ դրվագներում նույնիսկ ավելի վտանգավոր էին գրոհում։

Հիշատակման է արժանի 36-րդ րոպեին Պյոտր Զելինսկիի և Յակուբ Կամինսկիի ունեցած պահը, երբ վերջիններս մեկ դրվագում երեք անգամ չկարողացան բացել խաղի հաշիվը. Զելինսկիի երկու հարվածներից հետո ֆրանսիացիներին փրկեց դարպասապահ Ուգո Լյորիսը, իսկ Կամինսկու դեպքում գնդակը դատարկ դարպասից հանեց Ռաֆայել Վարանը։

Այդ դրվագից հետո գործեց ֆուտբոլի գլխավոր չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ… 44-րդ րոպեին Դիդիե Դեշամի թիմը կտրուկ գրոհ զարգացրեց, որը Կիլիան Մբապեի փոխանցումից հետո եզրափակեց Օլիվիե Ժիրուն։

Նշենք, որ 36-ամյա հարձակվողը հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 52-ի` դառնալով «եռագույնների» պատմության լավագույն ռմբարկուն։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում ֆրանսիացիները շատ ավելի վստահ տեսք ունեին և ժամանակ առ ժամանակ մեծ ճնշում էին գործադրում Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

74-րդ րոպեին «եռագույններն», ամեն դեպքում, կրկնապատկեցին իրենց առավելությունն. աչքի ընկավ Կիլիան Մբապեն։

Խաղավերջում` 90+1-րդ րոպեին, Մբապեն պտտեցրած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ և լուսատախտակին վառեց 3:0 հաշիվը։

23-ամյա հարձակվողն ընթացիկ մունդիալի շրջանակում խփել է արդեն 5 գոլ և գլխավորեում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Լեհերը միայն 90+9-րդ րոպեին «թրջեցին» հաշիվը. 11-մետրանոցից աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։

Այսպիսով, Ֆրանսիան 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին` դուրս գալով 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Անգլիա – Սենեգալ դիմակայության հաղթողի դեմ։

Վերոնշյալ հանդիպումը կկայան դեկտեմբերի 4-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023