Ռոման հաղթեց Ֆեյենորդին` դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող🎥

Ռոման հաղթեց Ֆեյենորդին` դառնալով Կոնֆերենցիաների լիգայի հաղթող🎥

26/05/2022 - 00:56

Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռոման» ու «Ֆեյենորդը»։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հոլանդական ակումբի տարածքային առավելության պայմաններում, սակայն դաշտում գործնականում դիրքային պայքար էր ընթանում։

Կարելի է ասել` կողմերին խանգարում էր լարվածությունն ու զգուշավորությունը, սակայն «գայլերը» առաջին կեսի միակ իրական գոլային պահը կարողացան վերածել դարպասի գրավման. 32-րդ րոպեին Ժոզե Մոուրինիոյի թիմին առաջ մղեց Նիկոլո Ձանիոլոն։

Նշենք, որ առաջին կեսի ամենաուշագրավ իրադարձություններից էր նաև Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, ով հանդիպումն սկսել էր մեկնարկային րոպեներից, սակայն, ցավոք, 17-րդ րոպեին փոխարինվեց։

Կողմերը, ամեն դեպքում, ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկն անցավ «Ֆեյենորդի» ֆուտբոլիստների բացահայտ առավելության պայմաններում. վտանգավոր պահերը Ռուի Պատրիսիուի դարպասի ուղղությամբ հաջորդում էին մեկը մյուսին, սակայն պորտուգալացի դարպասապահը 2-3 անգամ հռոմեական ակումբին փրկեց վերահաս գոլից։

«Ջալոռոսիները» դիմացան այդ ճնշմանն ու քիչ-քիչ գնդակը տեղափոխեցին դաշտի կենտրոն` հավասարեցնելով խաղը, սակայն «Ռոմայի» խաղում չկար սրություն։

Մոուրինիոյի թիմը երկրորդ կեսում առաջին գոլային պահը ստեղծեց միայն 73-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ժորդան Վերետուն, սակայն Արնե Սլոտի թիմին փրկեց դարպասապահ Յուսթին Բեյլոն։

86-րդ րոպեին հանդիպման վերջակետը կարող էր դնել «գայլերի» ավագ Լորենցո Պելեգրինին, սակայն իտալացի կիսապաշտպանը վրիպեց նպաստավոր դիրքից։

Ի վերջո, «Ռոման» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այսպիսով, հռոմեական ակումբը դարձավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին հաղթողը։

Բացի դրանից, «գայլերը» նվաճեցին ակումբի պատմության առաջին եվրագավաթային տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023