Մկոյան. «Ֆուտբոլիստների կողմից  կարող եմ ասել, որ բոլորը շատ լավ են պատրաստվել»

Մկոյան. «Ֆուտբոլիստների կողմից կարող եմ ասել, որ բոլորը շատ լավ են պատրաստվել»

24/09/2022 - 10:34

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին սեփական հարկի տակ կմրցի Ուկրաինայի ընտրանու դեմ։

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամամակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը։

– Վերջին երկու խաղն է մնացել Ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Հավանաբար թիմի առջև կա վերջին տեղից խուսափելու և Բ դիվիզիոնում մնալու առաջադրանք։ Ըստ Ձեզ որքանո՞վ է հնարավոր Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներում հնարավորինս լավ հանդես գալ և այդ առաջադրանքը կատարել։


-Մարզչի կողմից, բնականաբար, կա նման առաջադրանք։ Մենք գիտենք, որ Ուկրաինան և Իռլանդիան բարձրակարգ թիմեր են, ունեն լավ խաղացողներ։ Ֆուտբոլիստների կողմից էլ կարող եմ ասել, որ բոլորը շատ լավ են պատրաստվել, լավ տրամադրվածությամբ պետք է դուրս գանք խաղադաշտ և այնպես անենք, որ խաղն ավարտվի մեզ համար դրական արդյունքով։

– Դուք մասնակցել եք Ուկրաինայի դեմ առաջին խաղին։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք այդ թիմի խաղից։


-Նորից նշեմ, որ ունեն բարձրակարգ խաղացողներ, լավ թիմ է։ Բայց ամեն դեպքում մենք կարողացանք նրանց հետ լավ հանդիպում անցկացնել։ Ճիշտ է՝ պարտվեցինք, բայց հնարավոր է նրանց հետ խաղալ և հաղթել։

– Դուք պաշտպանության ֆուտբոլիստ եք, իսկ մենք ունենք կորուստներ Վարազդատ Հարոյանի և Էդուարդ Սպերցյանի տեսքով։ Ավելի շատ երևի հարցս Հարոյանի մասին է, որքանո՞վ կզգացվի նրա բացակայությունը վաղվա խաղում։


– Վարազդատ Հարոյանը մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Եթե վաղվա խաղում նա լիներ, երևի ավելի հեշտ կլիներ։ Ամեն դեպքում այս պահին նա չի կարող օգնել մեզ։ Նա մեզ կմիանա Իռլանդիայի դեմ խաղին։ Իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք լրացնել այդ բացը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022