Մանչեսթեր Սիթին  ֆանտաստիկ comeback-ով հաղթեց Վիլլային` դառնալով ԱՊԼ-ի չեմպիոն🎥

Մանչեսթեր Սիթին ֆանտաստիկ comeback-ով հաղթեց Վիլլային` դառնալով ԱՊԼ-ի չեմպիոն🎥

22/05/2022 - 20:55

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց և ընթանում էր «քաղաքաբնակների» առավելությամբ, սակայն տանտերերի ֆուտբոլիստների գործողություններում, մեծ հաշվով, չկար սրություն։

Բիրմինգհեմից ժամանած հյուրերը 37-րդ րոպեին անցկացրին առաջին կեսի իրենց առաջին լուրջ գրոհը, ինչի արդյունքում էլ բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Մեթյու Քեշը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում էլ գործնականում նույն պատկերն էր. Պեպ Գվարդիոլայի թիմը գրոհում էր, սակայն «Վիլլան» անձնուրաց պաշտպանվում էր, իսկ «Սիթիին» չէր հերիքում նաև դիպուկությունը։

69-րդ րոպեին պատմությունը կրկնվեց. Սթիվեն Ջերարդի սաները կտրուկ գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Ֆիլիպե Կոուտինոյի ջանքերով «Վիլլան» կրկնպատկեց հաշվի տարբերությունը։

Թվում էր` մանկունյական ակումբն ուշքի չի գա այդ հարվածից, սակայն «Սիթին» շատ արագ ոչ միայն կրճատեց, այլև հավասարեցրեց հաշիվը. նախ 76-րդ րոպեին աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը, ապա 78-րդ րոպեին` Ռոդրին։

81-րդ րոպեին տանտերերը ևս մեկ տպավորիչ գրոհ զարգացրին ու արդեն առաջ անցան հաշվի մեջ, իսկ կրկին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Իլկայ Գյունդողանը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

հանիպման վերջնամասում «Սիթին» հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական ու հաղթական ավարտին։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ comeback-ով 3:2 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային», վաստակեց 93 միավոր` 8-րդ անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն։

Նշենք, որ այդ 8 չեմպիոններից 6-ը «քաղաքաբնակները» նվաճել են Պրեմիեր լիգայում։

«Աստոն Վիլլան», 45 միավորով, առաջնությունն ավարտեց 14-րդ հորիզոնականում։

Այդ հանդիպմանը զուգահեռաբար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

«Գայլերը» շատ արագ` արդեն 3-րդ րոպեին բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Պեդրու Նետուն։

Մերսիսայդյան ակումբը 24-րդ րոպեին Սադիո Մանեի ջանքերով խփեծ պատասխան գնդակը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Յուրգեն Կլոպի թիմն ուներ տարածքային ու խաղայի լուրջ առավելություն, սակայն միայն 84-րդ րոպեին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։

89-րդ րոպեին «կարմիրների» կազմից աչքի ընկավ նաև Էնդրյու Ռոբերտսոնը` դնելով հանդիպման վերջակետը։

Ի վերջո, «Լիվերպուլը» հաղթեց 3:1 հաշվով, վաստակեց 92 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

«Վուլվզը», 51 միավորով, առաջնությունն ավարտեց 10-րդ տեղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022