Լիվերպուլը լուրջ կորստով է մոտենում Անգլիայի գավաթի եզրափակիչին

Լիվերպուլը լուրջ կորստով է մոտենում Անգլիայի գավաթի եզրափակիչին

13/05/2022 - 14:48

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։

Մերսիսայդյան ակումբի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Ֆաբինիոն, սակայն բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և փոխարինվեց արդեն 30-րդ րոպեին։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 28-ամյա կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել ու բաց կթողնի «Չելսիի» դեմ կայանալիք Անգլիայի գավաթի եզրափակիչը։

Այդուհանդերձ, «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ Ֆաբինիոն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին.

«Կան շատ լավ շանսեր, որ նա կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Մենք պետք է լուծում գտնենք, քանի որ կարող ենք անել դա։ Ֆաբինիոյի ներկայությունն ու բացակայությունը թիմում մեծ տարբերություն է ստեղծում, սակայն ամեն ինչ կարգին է։

Ամեն դեպքում, դա այն դիրքը չէ, որտեղ 12 տարբերակ ունենք, սակայն կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Ֆաբինիոյին։

Ջորդան Հենդերսոնը «Վիլլայի» դեմ խաղում դուրս եկավ փոխարինման և հրաշալի տեսք ուներ։ Նա այս մրցաշրջանում տպավորիչ հանդիպումներ է անցկացրել «6» համարի դիրքում, ուստի մեզ համար դա խնդիր չէ»,- նշել է գերմանացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` մայիսի 28-ին, որի շրջանակում «Լիվերպուլը» մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հավելենք, Ֆաբինիոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022