Ալկոյանոն շարունակում է գավաթային հեքիաթը` գերդրամատիկ պայքարում հաղթելով Լևանտեին🎥

Ալկոյանոն շարունակում է գավաթային հեքիաթը` գերդրամատիկ պայքարում հաղթելով Լևանտեին🎥

15/12/2021 - 12:17

Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում Սեգունդա Բ-ն` երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալկոյանոն» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական դինամիկ և դրամատիկ պայքարում, որի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Ալկոյանոն» 3:1 հաշվով հաղթում էր վալենսիական ակումբին, սակայն հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու այն տեղափոխել լրացուցիչ ժամանակ։

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Ալկոյանոյի» հարձակվող Մուրադ Էլ-Գեզուանին, իսկ 23-րդ րոպեին Դանի Գոմեսը խփեց «Լևանտեի» պատասխան գոլը։

Այդուհանդերձ, կողմերն ընդմիջման գնացին Ալկոյ քաղաքը ներկայացնող ակումբի առավելությամբ. 44-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Էլ-Գեզուանին։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 55-րդ րոպեին «Ալկոյանոյի» տղաները մեծացրին իրենց առավելությունը. տուգանայինից կատարած հիանալի հարվածով աչքի ընկավ Կարլոս Բլանկո Մորենոն։

Ինչպես նշեցինք, «Լևանտեն» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը ու փրկել այն. նախ 61-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Սոլդադոն, ապա 68-րդ րոպեին` Դանի Գոմեսը, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։

Լրացուցիչ ժամանակում կողմերը գոլեր չխփեցին և հաղթողին որոշելու համար անհրաժեշտ եղավ իրացնել 11-մետրանոց հարվածաշար։

«Վիճակախաղը» նույնպես անցավ դրամատիկ պայքարում, քանի որ, չնայած տանտերերը վրիպեցին իրենց առաջին հարվածը, սակայն հետագայում Ռոխեր Մարտին շեղ հարվածեց, իսկ Պեպելուի և Էնիս Բարդիի հարվածները «Ալկոյանոյի» 42-ամյա դարպասապահ Խոսե Խուան Ֆիգուերասը հետ մղեց` ապահովելով իր թիմի հաղթանակը։

Այսպիսով, «Ալկոյանոն» 11-մետրանոցներով հաղթեց «Լևանտեին» և պայքարը կշարունակի Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչում։

Հիշեցնենք, որ «Ալկոյանոն» նախորդ մրցաշրջանում հասել էր մինչև Copa del Rey-ի 1/8 եզրափակիչ` ընթացքում պայքարից դուրս թողնելով նաև «Ռեալ Մադրիդին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022