Փոխվել են Եվրոպա լիգայի մի շարք հանդիպումների անցկացման վայրերը
Փետրվարի 18-ին կկայանան Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները։
Մի շարք երկրների կորոնավիրուսային քաղաքականության պատճառով փոխվում են մրցաշարի որոշ հանդիպումների անցկացման վայրերը։ Նշված երկրների ցանկում են հատկապես Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, որոնց հետ բազմաթիվ երկրներ չունեն ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հաղորդակցություններ։
Արդեն տեղափոխվել են «Բենֆիկա» – «Արսենալ», «Ռեալ Սոսիեդադ» – «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև «Մոլդե» – «Հոֆֆենհայմ» հանդիպումների անցկացման վայրերը։
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, «Բենֆիկա» – «Արսենալ» դիմակայության առաջին խաղկը կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ «Օլիմպիկո» մարզադաշտում։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը, որի շրջանակում տանտեր ակումբը լինելու է «Արսենալը», կայանալու է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ «Գիորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում։
Ինչպես հայտնում է «ՄՅՈՒ»-ի պաշտոնական կայքը, «Ռեալ Սոսիեդադ» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության առաջին խաղը կկայանա Թուրինում՝ «Յուվենտուսի» «Ալյանց» մարզադաշտում։
Դիմակայության պատասխան հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 25-ին, կկայանա արդեն Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։
«Հոֆֆենհայմի» մամուլի ծառայությունից էլ տեղեկանում ենք, որ «Մոլդե» – «Հոֆֆենհայմ» դիմակայության առաջին խաղը կկայանա Իսպանիայում՝ Վիլյառեալում, իսկ պատասխան խաղը՝ Զիսհայմում՝ «Հոֆֆենհայմի» հարկի տակ։
Հիշեցնենք, որ վերջերս պաշտոնապես փոխվեց նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լայպցիգ» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին հանդիպման վայրը․ հանդիպումը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, բենֆիկա, Եվրոպա-լիգա, Լայպցիգ, Լիվերպուլ, Հոֆֆենհայմ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոլդե, Չեմպիոնների-լիգա, Ռեալ-Սոսիեդադ