Թրիլլեր Հռոմում. Յուվենտուսն անհավանական comeback արեց Ռոմայի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին «Ռոմայի» ֆուտբոլիստները և արդեն 11-րդ րոպեին Թեմի Աբրահամի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
«Գայլերի» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 18-րդ րոպեին Պաուլո Դիբալան հավասարեցրեց հաշիվը։
Առաջին կեսի մնացած ժամանակատվածում էլ հռոմեական ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն նախքան ընդմիջման գնալն այլևս գոլեր չտեսանք։
Երկրորդ կեսում մրցող կողմերն իսկական թրիլլեր էին պատրաստել երկրպագուների համար, բայց ամեն ինչ հերթով։
Խաղակեսի հենց մեկնարկում Ժոզե Մոուրինիոյի սաները միանգամից երկու գնդակի առավելություն ստացան. նախ 48-րդ րոպեին աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, ապա 53-րդ րոպեին` Լորենցո Պելեգրինին, ով տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ։
Խփած երկու գոլերից հետո «Ռոման» հանգստացավ և տպավորություն էր, թե «գայլերը» բավարարվեցին ձեռքբերածով, ինչի հետևանքով պատժվեցին, քանի որ «Յուվենտուսը» ժամանակի ընթացքում ստացավ առավելություն ու սկսեց բեկել հանդիպման ընթացքը և գործը հասցրեց անհավանական comeback-ի։
Ամեն ինչ սկսվեց 70-րդ րոպեին Մանուել Լոկատելիի խփած գոլից, որին հաջորդեցին 74-րդ ու 77-րդ րոպեներին Դեյան Կուլուսևսկիի և Մատիա դե Շիլյոյի խփած գնդակները, ինչից հետո «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառվեց արդեն 3:4 հաշիվը։
Թվում էր` վերջ, Մասիմիլիանո Ալեգրիի սաները գործը հանգիստ կմոտեցնեն տրամաբանական ավարտին, սակայն 81-րդ րոպեին «Ռոման» վաստակեց 11-մետրանոց։
Գնդակին մոտեցավ Լորենցո Պելեգրինին, ում առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, ինչից հետո իտալացի կիսապաշտպանը չկարողացավ գրավել դատարկ դարպասը։
Ի վերջո, «բյանկոներիներին» հաջողվեց պահպանել հաղթանակ հաշիվն ու անհավանակ խաղում առավելության հասան 4:3 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Յուվեն» վաստակեց 38 միավոր և ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում։
«Ռոման» մնաց 32 միավորով և նահանջեց 8-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դեյան Կուլուսևսկի, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Լորենցո Ինսինե, Հենրիխ-Մխիթարյան, Մանուել Լոկատելլի, Մասիմիլիանո-Ալեգրի, Մատիա դե Շիլյո, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա, Ռոմա, Վոյցեխ Շյեսնի