LaLiga Santander. 10  հետաքրքիր փաստ 8-րդ տուրի մասին

LaLiga Santander. 10 հետաքրքիր փաստ 8-րդ տուրի մասին

11/10/2022 - 13:57

Լա լիգան քիչ-քիչ թափ է հավաքում։ Ակումբներն անցկացրել են արդեն 8 հանդիպում` առաջարկելով հետաքրքիր պայքար։

Այժմ կներկայացնենք 10 հետաքրքիր փաստ 8-րդ տուր մասին` «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» նվազագույն հաշվով հաղթանակներից մինչև «Սևիլիայում» ու «Էլչեում» տեղի ունեցած մարզչական փոփոխություններ։

1. «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդն» Էլ կլասիկոյին մոտենում են հավասար միավորների պայմաններում

Լա լիգայի 8-րդ տուրի հիմնական իրադարձությունն այն էր, որ հաջորդ կիրակի` հոկտեմբերի 16-ին կկայանա հերթական Էլ կլասիկոն, որին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը» մոտենում են հավասար` 22-ական միավորով։

Անցնող հանգստյան օրերին թե՛ «Բարսան» և թե՛ «Ռեալը» նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասան համապատասխանաբար «Սելտայի» ու «Խետաֆեի» նկատմամբ։

2. Մարկ-Անդրե Տեր Շտեգենը շարունակեց իր «չոր» շարքը

Շարունակելով Էլ կլասիկոյի թեման` պետք է փաստենք, որ «Ռեալ Մադրիդի» համար բավական բարդ է լինելու գրավել «Բարսելոնայի» դարպասը, քանի որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը պարզապես հիասքանչ մարզավիճակում է։

Գերմանացի դարպասապահն արդեն 624 րոպե որևէ գոլ բաց չի թողել Լա լիգայի շրջանակում` 7 անընդմեջ հանդիպման ընթացքում դարպասը պահելով անառիկ։

«Բարսելոնայի» համար դա 2014 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշ է։ Այդ ժամանակ «բլաուգրանայի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն գոլ բաց չէր թողել 755 րոպե։

3. Խուլիեն Լոպետեգիի դարաշրջանն ավարտվեց «Սևիլիայում»

Նախորդ շաբաթ «Սևիլիայի» ղեկավարությունը որոշեց պաշտոնանկ անել ակումբի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիին։

Բասկ մասնագետը ոչ մի կերպ չկարողացավ կարգավորել անդալուսական ակումբի խաղը, որը բավական անհաջող է մեկնարկել Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում։

Դրան զուգահեռ, Լոպետեգին «Սևիլիայից» հեռանում է որպես ակումբի պառմության լավագույն մարզիչներից մեկը։

«Սևիլիան» Լոպետեգիի հետ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող և երեք անգամ հայտնվել է Լա լիգայի լավագույն քառյակում, իսկ 2020/21 մրցաշրջանում վաստակել է ակումբի համար 77 միավոր։

.

4. Խուլիեն Լոպետեգիին փոխարինեց Խորխե Սամպաոլիին. նրա օրոք «Սևիլիան» լրիվ այլ տեսք կունենա

«Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչ նշանակվեց արգենտինացի Խորխե Սամպաոլին, ով 2016/17 մրցաշրջանում արդեն մարզել է անդալուսական ակումբը։

«Սևիլիան» 62-ամյա մասնագետի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց Լա լիգայի 8-րդ տուրում` մրցելով «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Արդեն այդ խաղում նկատելիորեն զգացվեց, որ «Սևիլիան» հետագայում Սամպաոլիի օրոք լրիվ այլ տեսք է ունենալու.ակումբը խաղում էր 4-2-3-1 մարտավարական սխեմայով` ցուցադրելով «ուղղահայց» ֆուտբոլ, իսկ Տանգի Նիանզուն ու Մարկաոն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ միասին զույգ կազմեցին կենտրոնական պաշտպանի գոտում։

5. «Էլչեում» նույնպես մարզչական փոփոխություն տեղի ունեցավ

«Էլչեն», որը, վաստակած 2 միավորով, եզրափակում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, նույնպես փոխեց գլխավոր մարզչին։

Անցնող օրերին Ֆրանսիսկո Ֆերնանդեսի փոխարեն «Էլչեի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ակումբի երիտասարդական թիմը մարզով Ալբերտո Գալեգոն։

«Լոս ֆրանխիվերդեսը» դեռևս նոր մարզիչ է փնտրում, սակայն Գալեգոյի գլխավորությամբ «Էլչեն» ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքն ու 8-րդ տուրում «Մալյորկայի» դեմ խաղում (1:1) կարողացավ միավոր վաստակել։

6. Ջենարո Գատուզոյի «Վալենսիան» տպավորում է

«Վալենսիան» Ջենարո Գատուզոյի օրոք բավական վառ ֆուտբոլ է ցուցադրում, ինչի ապացույցն էր 8-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած արտագնա հաղթանակը։

«Չղջիկների» հարձակման կրակածայրում այդ խաղին ներկայացել էր Սամուել Լինո – Էդինսոն Կավանի – Ջասթին Կլույվերտ եռյակով, որը մեծապես նպաստեց «լոս չեի» հաղթանակին, ինչից հետո «Վալենսիան» վաստակեց 13 միավոր` բարձրանալով 7-րդ հորիզոնականը։

7. «Վիլյառեալը» կարոտում է Ժերար Մորենոյին

«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն կրկին վնասվածք է ստացել, ինչի հետևանքը «հիանալի» է զգում ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին։

30-ամյա հարձակվողի վնասվածք ստանալուց հետո «Վիլյառեալը» Լա լիգայի շրջանակում անցկացրել է 4 հանդիպում, խփել ընդամենը 1 գոլ` կրելով 2 պարտություն, որոնցից մեկն էլ գրանցվեց 8-րդ տուրում, երբ 0:1 հաշվով զիջեց «Ռեալ Սոսիեդադին»։

Այժմ ակնհայտ է, որ Ժերար Մորենոն «դեղին սուզանավի» համար գերկարևոր ֆուտբոլիստ է։

8. Մի շարք իսպանական ակումբներ պայքարը կշարունակեն եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլում

Անցնող շաբաթ հայտնի դարձավ նաև, որ մի շարք իսպանական ակումբներ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո 2023 թ. գարնանը կմասնակցեց եվրագավաթային մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլին։

«Ռեալ Մադրիդը»`Չեմպիոնների լիգայում, «Բետիսն» ու «Ռեալ Սոսիեդադը»` Եվրոպա լիգայում, իսկ «Վիլյառեալը»` Կոնֆերենցիաների լիգայում, հաղթել են մեկնարկային երեք խաղերում և շատ մոտ են մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելուն։

9. Ուգո Գիլիամոնն ու «Վալենսիան» երկարաժամկետ պայմանագիր կնքեցին

«Վալենսիայի» հենակետային կիսապաշտպանի գոտին հուսալի ձեռքերում է, որտեղ հանդես է գալիս Ուգո Գիլիամոնը։

22-ամյա կիսապաշտպանն իր խաղով բազմիցս ապացուցել է, որ նրան մեծ ապագա է սպասվում։ Երիտասարդ ֆուտբոլիստը սեպտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում կայացած Պորտուգալիա – Իսպանիա (0:1) խաղում պաշտոնական հանդիպումներում նորամուտը նշեց «ֆուրիա ռոխայի» կազմում, իսկ անցնող շաբաթ մինչև 2026 թ. հունիսի 30-ը նոր պայմանագիր կնքեց «Վալենսիայի» հետ։

10. Գոնսալո Իգուայինն ավարտեց կարիերան

«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուայինը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

34-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու տարում հանդես է եկել ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում», սակայն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2007-13 թթ.` անցկացրած 264 խաղում դարձել է 121 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023