Մանոյան. «Շատ էի ցանկանում, որ վերջապես  Արգենտինան և Մեսսին հաղթեն»

Մանոյան. «Շատ էի ցանկանում, որ վերջապես Արգենտինան և Մեսսին հաղթեն»

25/12/2022 - 13:59

Interfootball-ի թղթակից Սամվել Մխիթարյանը զրուցել է «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ։

Ավարտվեց աշխարհի առաջնությունը։ Ի՞նչ կարծիքի եք առաջնության
վերաբերյալ, արդարացա՞ն Ձեր սպասելիքները։

– Շատ հետաքրքիր անակնկալներով լի առաջնություն ստացվեց : Շատ էի ցանկանում, որ վերջապես Արգենտինան և Մեսսին հաղթեն, և արդարացան սպասելիքները։

Դավիթ, Դուք հայկական ֆուտբոլի ամենակարկառուն
ներկայացուցիչներից եք։ Քչերը ունեն այնպիսի խաղային տվյալներ,
ինչպիսին ունեք Դուք։ Առանձնացրեք այնպիսի խաղային հատկանիշ, որը
համարում եք Ձեր հաջողության բանալիներից մեկը։


– Կարծում եմ՝ դաշտը լավ տեսնելն ու արագ որոշում կայացնելն են ինձ շատ օգնում:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին հատվածն արդեն անցյալում
է։ Երևանի «Արարատն» այս պահին 6-րդ հորիզոնականում է։ Ըստ Ձեզ՝
ի՞նչն է խանգարում թիմին՝ ավելի շատ միավորներ վաստակելու համար։


– Որակյալ ֆուտբոլիստների պակաս կար , հատկապես, հարձակման գծում: Դեբլեից,
Կոնեից, Նենադովիչից, Սիլուեից հետո այդպես էլ համարժեք հարձակվող չունեցանք:


Դուք նաև մի քանի մրցաշրջան հանդես եք եկել եվրոպական մի շարք
առաջնություններում՝ Լեհաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում,
Կիպրոսում։ Ի՞նչ առավելություն ունի մեր առաջնությունը մյուսների
նկատմամբ։


– Կարծում եմ՝ այդ թվարկածներից մեր առաջնությունն առավելություն ունի միայն Հյուսիսային
Մակեդոնիայի նկատմամբ, այն էլ` ոչ ակնհայտ:

Լեհաստանում թիմերի քանակն է ավելի շատ, ուժային ու ֆիզիկական ֆուտբոլ են այնտեղ խաղում ակումբները, տնային ու արտագնա խաղերը տարբերվում
են, ինչը չես ասի Հայաստանի առաջնության մասին, իսկ Կիպրոսում
պարզապես ավելի մեծ գումարներ կան, ու շատ ավելի որակով լեգեոներներ են հանդես գալիս։

Երկար տարիներ «Փյունիկի» գույներն եք պաշտպանել։ Այս տարի
ակումբը հաջողության հասավ եվրագավաթներում։ Ի՞նչ զգացողություններ
ունեիք, երբ Ձեր կարիերայի կարևոր թիմերից մեկը նման հաջողության
հասավ։


– Եթե անկեղծ` զգացողություններ գրեթե չկային: Շատ ուրախ էի մեր հայ
ֆուտբոլիստների համար, ովքեր հանդես եկան Կոնֆերենցիաների լիգայի խմբային
փուլում: Իմ նման վերաբերմունքի պատճառը «Փյունիկի» վարած
քաղաքականությունն է, որ արդեն վաղուց «Փյունիկի» առաջին թիմում չկան
ակադեմիայի սաներ: Ներկայիս թիմում կարծեմ միայն Յուրի Գարեգինյանն է
ակումբի սան, ով շատ քիչ է խաղում:


Հայկական ֆուտբոլի շուրջ լարված իրավիճակ է՝ կապված այն
բանի հետ, որ մի քանի օր առաջ «Փյունիկի» սեփականատեր Արթուր
Սողոմոնյանն իր հարցազրույցում անվստահության քվե հայտնեց ՀՖՖ
նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։

Չունեմ մեկնաբանություն։

32 տարեկան եք։ Այս տարիների ընթացքում ո՞ր խաղն է եղել Ձեր
կարիերայում ամենահիշարժանը և ինչո՞ւ։


– Հայաստան 1-3 Իտալիա: Շատ ծանր վնասվածքից հետո վերադարձա հավաքական, ու նման խաղում, 30+
հազար հանդիսականներով լեցուն «Հրազդան» մարզադաշտում լավագույն խաղերից մեկն
անցկացրի:


Եվ վերջում… եթե ոչ ֆուտբոլիստ, ապա`

– Ռոք աստղ։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023