Ման. Յունայթեդը շատ մոտ է սուպեր տրանսֆեր իրականացնելուն
«Այաքսի» վինգեր Անթոնին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Այաքսը» համաձայնել է գործարքի հարցում բանակցություններ վարել «կարմիր սատանաների» հետ այն բանից հետո, երբ վերջիններս բրազիլացի հարձակվողի դիմաց առաջարկել են 100 մլն եվրո, որը ներառելու է նաև հավելավճարներ։
Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 28-ին` ուշ երեկոյան։
Այժմ մանկունյական ակումբի ղեկավարները վստահ են, որ առաջիկա ժամերին ավարտին կհասցնեն այս տրանսֆերը։
Այս գործարքի իրականացման մեծ հավանականության մասին հաստատում է նաև բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը։
Պարբերականի լրագրող Դավիդ Օրնշտայնը փաստում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը հոլանդական Էրեդիվիզիայի 4-րդ տուրում «Ուտրեխտի» դեմ կայացած խաղը (2:0) բաց է թողել «Այաքսի» ղեկավարության ու մարզչական շտաբի որոշմամբ, որպեսզի վերջինս վնասվածք չստանա ու չխոչընդոտի գործարքի իրականանալուն։
Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Յունայթեդը» մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։
Հատկանշական է, որ եթե այս գործարքը կայանա, ապա այն կդառնա «կարմիր սատանաների» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահը «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Պոլ Պոգբայի գործարքը, երբ ակումբը 2016 թ. ամռանը նրա դիմաց «Յուվենտուսին» վճարեց 105 մլն եվրո։
Հավելենք, որ Անթոնին «Այաքսի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 82 խաղում դառնալով 24 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Դավիդ Օրնշտայն, Էնթոնի, Մանչեսթեր-Յունայթեդ, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո