Եթե Բարսելոնան անվճար բաց թողնի Դեմբելեին, անգլիական գրանդը պատրաստ է պայմանագիր կնքել նրան հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտը կփոխի ակումբային գրանցումը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ եղած բանակցությունները չեն տվել որևէ արդյունք, ինչից հետո հունվարի 20-ին «բլաուգրանասի» տնօրեն Մատեու Ալեմանին հայտարարեց, որ «Բարսելոնան» մինչև ամսի 31-ը կփորձի վաճառել նրան։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը», որն սկսել է հետաքրքրվել 24-ամյա վինգերի ծառայություններով։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են պայմանագիր կնքել Դեմբելեի հետ, եթե նա «Բարսելոնայից» ստանա, այսպես կոչված, «թիմից հեռացման ծանուցում» (la carta de libertad), իսկ կատալոնական ակումբը նրան բաց թողնի անվճար։
Նշենք, որ la carta de libertad-ը փաստաթուղթ է, որը վաղաժամկետ դադարեցնում է ակումբի և խաղացողի համագործակցությունը։
Հատկանշական է, որ այս փաստաթուղթը հավասարազոր չէ պայմանագրի խզմանը, քանի որ ակումբը շարունակում է աշխատավարձ վճարել ֆուտբոլիստին։
Այդուհանդերձ, այդ փաստաթուղթը թույլ է տալիս ֆուտբոլիստին անվճար տրանսֆերի հարցում բանակցություններ վարել այլ ակումբի հետ։
Եթե «Բարսելոնան» տա իր թույլտվությունը, Դեմբելեն կարող է անվճար հեռանալ ակումբից և պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «բլաուգրանասի» շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին և ակումբի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում` դառնալով 31 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ