Ռոմայի դժոխքը շարունակվում է. «գայլերը» պարտվեցին Վենեցիային🎥
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Վենեցիայի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 3-րդ րոպեին «Վենեցիային» առաջ մղեց Մատիա Կալդարան։
Բաց թողած գոլից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները միանգամից տիրեցին նախաձեռնությանը ու ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն միայն խաղակեսի վերջնամասում կարողացան դրանք վերածել խփած գոլերի ու հաղթողի կարգավիճակում գնալ ընդմիջման. նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Էլդոր Շոմուրոդովը, ապա 45+2-րդ րոպեին` Թեմի Աբրահամը։
Կողմերն ընդմիջման գնացին «Ռոմայի» առավելությամբ` 2:1 հաշվով։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ «գայլերը» կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն տանտերերը դիմացան ճնշմանը։
«Վենեցիայի» ֆուտբոլիստները հաջողությամբ պաշտպանվեցին ու 65-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Մատիա Արամուն։
74-րդ րոպեին էլ «Վենեցիայի» ֆուտբոլիստները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Դավիդ Օկերեկեն առաջ մղեց արդեն իր թիմին։
Խաղավերջում «ջիալոռոսիները» նետվեցին առաջ` խաղը փրկելու, սակայն դա նրանց չհաջողվեց։
Այսպիսով, «Վենեցիան» 3:2 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ, վաստակեց 12 միավոր և բարձրացավ 14-րդ հորիզոնական։
«Ռոման» մնաց 19 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ հռոմեական ակումբը վերջին 7 պաշտոնական խաղերում կրեց արդեն 4-րդ պարտությունը։ Այդ ընթացքում «գայլերը» հաղթել են ընդամենը 1 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդ Օկերեկե, Էլդոր Շոմուրոդով, Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Մատիա Արամու, Մատիա Կալդարա, Ռոմա, Վենեցիա