Կրքոտ երեկո Հռոմում. «Արծիվները» գոլառատ խաղում հաղթեցին «գայլերին»🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում կայացավ հռոմեական հերթական դերբին. «Լացիոն» մրցեց «Ռոմայի» դեմ։
«Լացիոյի» ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և միանգամից երկու գնդակի առավելություն ստացան. 10-րդ րոպեին աչքի ընկավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, իսկ 19-րդ րոպեին` Պեդրին։
Բաց թողած երկրորդ գոլից հետո Ժոզե Մոուրինիոյի սաները տիրեցին նախաձեռնությանը, ստեղծեցին մի քանի գոլային պահեր, և 41-րդ րոպեին Ռոջեր Իբանյեսի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը։
Կողմերն ընդմիջման գնացին «Լացիոյի» նվազագույն առավելության պայմաններում` 2:1։
Հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկն ընթանում էր հիմնականում հանգիստ պայքարում, սակայն «արծիվները» 63-րդ րոպեին վերականգնեցին երկու գնդակի առավելությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ֆելիպե Անդերսոնը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ռոմայի» ֆուտբոլիստներին հաջողվեց միայն հետ բերել մեկ գնդակ. 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժորդան Վերետուն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Լացիոն» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Ռոմային», վաստակեց 11 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Ռոման» մնաց 12 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ժոզե Մոուրինիո, Ժորդա Վերետու, Լացիո, Մաուրիցիո Սարի, Պեդրո, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Ֆելիպե Անդերսոն