Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։
Ինչպես տեղեկացնում է Blick-ը, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան 71-ամյա մասնագետին դիտարկում է որպես այդ երկրի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։
Աղբյուրի փոխանցմամբ` շվեյցարացիները Վենգերին դիտարկում են որպես կարճաժամկետ տարբերակ և նրան ցանկանում են հրավիրել, որպեսզի վերջինս օգնի նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր։
Ներկայումս լեգենդար նախկին մարզիչը ՖԻՖԱ-ում զբաղեցնում է Համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի պետի պաշտոնը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից` ստանձնելով Լիգա 1-ը ներկայացնող «Բորդոյի» ղեկը։
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996-2018 թթ. մարզել է «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս, իսկ 2006 թ. «զինագործները» նրա գլխավորությամբ հասել են մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 1:2 հաշվով զիջել են «Բարսելոնային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Արսեն-Վենգեր, Արսենալ, Բորդո, Շվեյցարիայի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Վլադիմիր Պետկովիչ