Fa Cup. Իհեանաչոն Յունայթեդին թողնում է ձեռնունայն 🎥
Անգլիայի գավաթի՝ Fa Cup-ի վերջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար էր, ինչն էլ նպաստեց, որ կողմերը նախքան ընդմիջման գնալը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։
Նախ 24-րդ րոպեին Կելեչի Իհեանաչոն, օգտվելով, «Յունայթեդի» պաշտպանների կոպիտ սխալներից, առաջ մղեց իր թիմին, ապա 38-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդը հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Պոլ Պոգբայի կատարած փոխանցումը։
Հատկանշական է, որ «կարմիր սատաների» խփած գոլի ժամանակ անչափ գրագետ գործեց նաև Դոնի վան դե Բեկը, ով գնդակը ոտքերի արանքով վարպետորեն բաց թողեց, որպեսզի այն հասնի Գրինվուդին։
Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին «աղվեսները», ինչի արդյունքում էլ 52-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ․ Կելեչի Իհեանաչոն այս անգամ գոլային փոխանցում կատարողի դերում էր, իսկ գոլն իր անվան դիմաց Յուրի Տիլեմանսը՝ հաշիվը դարձնելով 2։1։
Խփած երկրորդ գոլից հետո էլ Բրենդան Ռոջերսի սաները շատ ավելի մոտ էին հաշվի տարբերությունը մեծացնելուն, քան «կարմիր սատանաները»՝ հավասարեցնելուն, սակայն անչափ նպաստավոր դիրքերից երկու անգամ վրիպեց Ջեյմի Վարդին։
Ընդհանրապես, երկրորդ կեսի ընթացքում մանկունյական ակումբն անատամ տեսք ուներ, ինչի համար էլ պատժվեց, քանի որ 78-րդ րոպեին Մարկ Օլբրայթոնի կատարած փոխանցումից հետո Իհեանաչոն ևս մեկ անգամ գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 3։1։
Կարելի է ասել, որ նիգերիացի հարձակվողն այս հանդիպման հերոսը դարձավ։ 24-ամյա ֆուտբոլիստը «Յունայթեդի» դեմ խաղում դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Միայն հավելենք, որ Իհեանաչոն պաշտոնական վերջին 4 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ։
Օլե-Գունար Սուլշերի սաները խաղավարտին մոտ փորձեցին ինչ-որ կերպ բեկել այս դիմակայության ընթացքը և 88-րդ րոպեին մոտ էին մեկ գնդակ հետ բերելուն, սակայն Բրունո Ֆերնանդեշի՝ տուգանային հարվածի իրացումից հետո «Լեսթերին» մեծ դժվարությամբ փրկեց Կասպեր Շմեյխելը։
Ամեն դեպքում, հանդիպման հյուրերին չհաջողվեց որևէ կերպ փոփոխություն մտցնել խաղում, իսկ «Լեսթերը» գրագետ խաղով հաղթեց 3։1 հաշվով և պայքարը կշարունակի Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում։ Ապրիլի 17-ին «աղվեսները» կմրցեն «Սաութհեմպտոնի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բրենդան Ռոջերս, Դոնի-վան-դե-Բեկ, Լեսթեր, Կելեչի Իհեանաչո, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, Յուրի Տիլեմանս, Պոլ-Պոգբա, Օլե-Գունար-Սուլշեր