Լոռին չի շարունակի մրցելույթները VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում
Մարտի 16-ին VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Արարատ» – «Լոռի» հանդիպումը, սակայն այն այդպես էլ չմեկնարկեց։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վանաձորը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:
Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:
Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը:
Խաղից հետո «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով ակումբի՝ VBet Հայաստնաի Պրեմիեր լիգայից դուրս գալու մասին․
«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.
Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց’ չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։
Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։
Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ, Թովմաս Գրիգորյան, Լոռի, ՀՖՖ