Սիթին ճախրում է․ «քաղաքաբնակները» էլ ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 16-րդ տուրից հետաձգված «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, մանկունյական ակումբի կազմում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, այն հետաձգվեց։
Հանդիպումը, ինչպես և ենթադրվում էր, անցավ մանկունյական ակումբի առավալությամբ, որը ողջ հանդիպման ընթացքում պարզապես որևէ հնարավորություն չտվեց «իրիսներին»՝ հաղթելով 3։1 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից գոլերի հեղինակներ դարձան Ֆիլ Ֆոդենը, Ռիյադ Մարեզն ու Բերնարդու Սիլվան, իսկ «Էվերտոնի» միակ գնդակը գրանցվեց Ռիչարլիսոնի անվան դիմաց։
Միայն նշենք, որ «Սիթին» ողջ հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 70%-ը, կատարել է 15 հարված, որոնցից 7-ը դիպուկ են եղել։ «Էվերտոնը» պատասխանել է միայն 3 հարվածով, որոնցից մեկն էլ ավարտվեց գոլով։
Այսպիսով, «քաղաքաբնակներն» այս հաղթանակից հետո վաստակեցին 56 միավոր և էլ ավելի ամրապնդվեցին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ մոտակա հետապնդողներ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լեսթերին» գերազանցելով արդեն 10 միավոր, իսկ գործող չեմպիոն «Լիվերպուլին»՝ 16 միավոր։
Կառլո Անչելոտիի թիմն էլ մնաց 37 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Վերջում միայն հավալենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց իր 17-րդ անընդմեջ հաղթանակը։
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էվերտոն, Լեսթեր, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Ռիչարլիսոն, Ֆիլ Ֆոդեն