Մեսսիի ապագան շարունակում է մշուշոտ մնալ․ նա սպասում է մրցաշրջանի ավարտին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի շուրջ։
Աղբյուրը վստահեցնում է, որ արգենտինացին չի շփվել որևէ գրանդ ակումբի ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, խոսքը ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի» և այլ գրանդ ակումբների մասին է։ Արգենտինացի ֆուտբոլիստը սպասում է մրցաշրջանի ավարտին։
Հաղորդվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը հոգնել է իր ապագայի վերաբերյալ մամուլում անդադար շրջանառվող նորություններից և որոշել է մրցաշրջանի վերջում ինքն անձամբ հայտարարել իր որոշման մասին։
Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը։
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ գործող պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ ֆուտբոլիստը կարող է առանց իր ակումբին տեղյակ պահելու ինքնուրույն բանակցություններ վարել որևէ ակումբի հետ, պայմանագիր համաձայնեցնել և ներկայիս համաձայնագրի ավարտից հետո համալրել այդ ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, տրանսֆերներ