Էրնան Կրեսպոն մարզչական կարիերայի առաջին տիտղոսն է նվաճել🎥
Հունվարի 24-ին տեղի է ունեցել Հարվային Ամերիկայի գավաթի (խմբ․՝ Copa Sudamericana – Լիբերտադորեսի գավաթից հետո նշանակությամբ երկրորդ միջազգային գավաթն է Լատինական Ամերիկայում) եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում արգենտինական Կորդոբա քաղաքի «Մարիո Կեմպեսի» մարզադշում միմյանց դեմ մրցեցին «Լանուսն» ու «Դեֆենսիա և Խուստիսիան»։
Արգենտինական թիմերի միջև պայքարում ավելի ուժեղ գտնվեցին «Դեֆենսիա և Խուստիսիայի» տղաները, որոնք հաղթեցին 3։0 հաշվով։
Հատկանշական է, որ «Դեֆենսիայի» գլխավոր մարզիչը լեգենդար նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն է, ով նվաճեց մարզչական կարիերայի իր առաջին տիտղոսը։
Կրեսպոն «Դեֆենսիայի» մարզիչ է նշանակվել 2020 թվականի հունվարին և մեկ տարվա ընթացքում ակումբին հասցրեց միջազգային տիտղոս։ Բացի «Դեֆենսիա և Խուստիսիայից», 45-ամյա մասնագետը մարզել է նաև «Պարմայի» Մ-19 տարեկանների թիմը (2014-2015 թթ․), «Մոդենան» (2015-2016 թթ․), ինչպես նաև արգենտինական «Բանֆիլդը» (2019 թ․ հունվար – սեպտեմբեր)։ Կրեսպոն 2017-18 թթ․ եղել է նաև «Պարմայի» փոխնախագահը։
Կրեսպոն առավել հայտնի է իտալական ակումբներում ունեցած իր մրցելույթներով։ Նա հանդես է եկել «Պարմայի» (201 խաղ, 94 գոլ), «Ինտերի» (116 խաղ, 45 գոլ), «Լացիոյի» (73 խաղ, 48 գոլ), «Միլանի» (40 խաղ, 17 գոլ), ինչպես նաև «Ջենոայի» կազմում (21 խաղ, 7 գոլ)։ Կրեսպոն խաղացել է նաև «Չելսիսում (73 խաղ, 25 գոլ) ու «Ռիվեր Փլեյթում» (14 խաղ, 12 գոլ)։ Նախկին հարձակվողը ևս 35 գոլ խփել է Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 65 խաղում։
Հատկանշական է, որ ոչ միայն Կրեսպոն է իր առաջին տիտղոսը նվաճել, այլև, ընդհանրապես, «Դեֆենսիա և Խուստիսիան»։ Այս ակումբը հիմնադրվել է 1935 թվականը և մինչև 1978 թվական հանդես է եկել միայն սիրողական մակարդակով։ Ակումբը Արգետնինայի Սուպերլիգայում խաղում է 2014 թվականից և ամենամեծ հաջողությունը գրանցել է 2018/19 մրցաշրջանում, երբ դարձավ առաջնության փոխչեմպիոն։
# Copa Sudamericana, Բանֆիլդ, ԴԵֆենսիա և Խուստիսիա, Էրնան Կրեսպո, Ինտեր, Լանուս, Լացիո, Միլան, Մոդենա, Չելսի, Պարմա, Ջենոա, Ռիվեր Փլեյթ