Դոն Ֆաբիոն քննադատել է Ռոնալդուին և Դիբալային
«Յուվենտուսի» նախկին մարզիչներից Ֆաբիո Կապելոն քննադատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Պաուլո Դիբալային։ Իտալացուն դուր չի գալիս, որ այս երկու ֆուտբոլիստները գրեթե չեն մասնակցում պաշտպանողական գործողություններին՝ դրանով լուրջ խնդիրներ ստեղծելով խաղընկերների համար։
«Երբ Դիբալան լավ մարզավիճակում է, նա շատ օգտակար կարող է լինել, անգամ եթե Մորատան ու Ռոնալդուն խաղադաշտում են։ Կրիշտիանուն պաշտպանողական ոչ մի գործողություն չի կատարում, իսկ Դիբալան քիչ է օգնում։
Շատ բան կախված է մրցակցից։ «մենք հավատարիմ ենք մեր խաղաոճին, իսկ մյուսներին հաշվի չենք առնում» կարգախոսն արդեն չի աշխատում։ Եթե այս մոտեցմամբ դուրս գաս խաղադաշտ, ոչնչի չես հասնի։
Լավ մարզիչները պատրաստվում են ամեն խաղի, ուսումնասիրում մրցակցին։ Լավագույն մարզիչները, որոնք կարողանում են փոխարինումների միջոցով բեկել խաղի ընթացքը, Զիդանն ու Ալեգրին են»,- ասել է Կապելոն։
«Դոն Ֆաբիոն» «Յուվենտուսը» մարզել է 2004-2006 թթ.։ Նրա գլխավորությամբ թուրինյան ակումբը երկու անգամ նվաճեց Ա սերիայի չեմպիոն տիտղոսը, սակայն այդ չեմպիոնական տիտղոսները «Կալչիոպոլիի» հայտնի կոռուպցիոն սկանդալի պատճառով չեղարկվեցին, իսկ «Յուվենտուսին» ուղարկեցին Բ Սերիա։
Հավելենք, որ «Յուվենտուսն» այս պահին Ա սերիայի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 24 միավորով․ առաջատար «Միլանին» զիջում է արդեն 10 միավոր։
# Ա Սերիա, Զինեդին-Զիդան, Կրիշտիանու-Ռոնալդու, Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Պաուլո-Դիբալա, Ֆաբիո Կապելո