Ներկայացում «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդն ու Լիվերպուլը չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։
Առաջին խաղակեսում «Լիվերպուլն» ուներ խաղային լուրջ առավելություն և 23-րդ րոպեին Լուիս Դիասի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։
Միայն առաջին կեսում Յուրգեն Կլոպի թիմը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել էր 15 հարված, սակայն մեծացնել հաշվի տարբերությունը չստացվեց։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 50-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «կարմիր սատանաները» առաջին իսկ դիպուկ հարվածով խփեցին պատասխան գոլը։ «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսահը կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Բրունու Ֆերնանդեշը` գրեթե դաշտի կենտրոնից գրավելով մրցակցի դարպասը։
Սա դեռ ամենը չէր, քանի որ արդեն 67-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցավ արդեն Էրիկ Տեն Հագի թիմը. հիասքանչ գոլի հեղինակ դարձավ 18-ամյա կիսապաշտպան Քոբի Մայնուն։
Բաց թողած երկրորդ գոլը սթափեցրեց հյուրերին, ովքեր նետվեցին առաջ` խաղը փրկելու։ 83-րդ րոպեին «Լիվերը» 11-մետրանոց վաստակեց, որը դիպուկ իրացեց Մոհամեդ Սալահը։
Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 71 միավոր և նահանջեց երկրորդ տեղ։ Պրեմիեր լիգայի առաջատար դարձավ «Արսենալը», որը նույնպես ունի 71 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը», 49 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am