10 կարմիր քարտ, Բալեկյանի գոլը. Բոկան թրիլլերային խաղում պարտվեց Ռասինգին Արգենտինայի Սուպերգավաթի եզրափակիչում🎥

10 կարմիր քարտ, Բալեկյանի գոլը. Բոկան թրիլլերային խաղում պարտվեց Ռասինգին Արգենտինայի Սուպերգավաթի եզրափակիչում🎥

07/11/2022 - 10:01

Սան Լուիսի «Լա Պեդրերա» մարզադաշտում կայացավ Արգենտինայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բոկա Խունիորսն» ու «Ռասինգը»։

Առաջ ընկնելով` նշենք, որ պարզապես թրիլլերային հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ռասինգի» հաղթանակով` 2:1 հաշվով։

«Բոկա Խունիորսի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 19-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և բացեց խաղի հաշիվը։

«Ռասինգը» 22-րդ րոպեին Մաթիաս Ռոխասի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

Հետագայում հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի վերջնամասում «Ռասինգին» հաջողվեց հաղթանակ կորզել. 118-րդ րոպեին աչքի ընկավ Կարլոս Ալկարասը։

Նշենք, որ «Բոկային» չի հաջողվել հանդիպումն ավարտին հասցնել, քանի որ գլխավոր մրցավար Ֆակունդո Տելիոն Բուենոս Այրեսը ներկայացնող ֆուտբոլիստներին 7 կարմիր քարտ է ցույց տվել։

«Բոկայի» կազմից կարմիր քարտեր են ստացել Սեբաստիան Վիլիան, Ալան Վարելան, Լուիս Ադվինկուլան, Կարլոս Սամբրանոն, Դիեգո Գոնսալեսը, Ֆրանկ Ֆաբրան ու Դարիո Բենեդետոն։

Հատկանշական է, որ ևս երեք կարմիր քարտ ստացել են «Ռասինգի» ֆուտբոլիստները. դաշտից հեռացվել են Խոան Կարբոներոն, Կարիոս Ալկարասն ու Կատրիել Կեբալիոսը։

Այսպիսով, «Ռասինգը» հաղթել է 2:1 հաշվով` դառնալով Արգենտինայի Սուպերգավաթակիր։

Վերջում հավելենք, որ Ավելիանեդան ներկայացնող ակումբը մարզում է արգենտինացի հանրահայտ նախկին ֆուտոլիստ Ֆերնանդո Գագոն, ով առավել հայտնի է «Ռեալ Մադրիդի» (2007-2012 թթ., 121 խաղ, 1 գոլ, 12 գոլային փոխանցում), «Ռոմայի» (վարձակալություն, 2011-12 թթ., 32 խաղ, 1 գոլ, 3 գոլային փոխանցում), «Վալենսիայի» (2012-13 թթ., 18 խաղ, 1 գոլային փոխանցում) և Արգենտինայի հավաքականի (2007-2017 թթ., 61 խաղ, 4 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023