Ռեալը խաղի մեջ է․ «արքայական» ակումբն օգտվեց Ատլետիկոյի նվերից 🎥

Ռեալը խաղի մեջ է․ «արքայական» ակումբն օգտվեց Ատլետիկոյի նվերից 🎥

21/02/2021 - 01:50

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Վալյադոլիդի» դեմ։

Հանդիպումը շատերի համար անսպասելիորեն մեկնարկեց «Վալյադոլիդի» առավելությամբ և վտանգավոր պահերով։ Սերխիո Գոնսալեսի սաները 7-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն շվեյցարացի կիսապաշտպան Սայիդի Յանկոյի հարվածից հետո «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։

Ճիշտ է՝ առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Ռեալը» գնդակին տիրում էր ժամանակի 72%-ը, սակայն «արքայական» ակումբի խաղը գրեթե չէր ստացվում։

Զինեդին Զիդանի թիմը ողջ խաղակեսի ընթացքում կատարեց ընդամենը 4 հարված, որոնցից ոչ մեկն այդպես էլ դիպուկ չստացվեց։ Համեմատության համար նշենք, որ «Վալյադոլիդի» ֆուտբոլիստների կատարած 6 հարվածներից 3-ը դիպուկ են եղել։

Երկրորդ խաղակեսի մեծ մասում էլ պատկերը նույնն էր։ «Ռեալը» գնդակը պահում էր իր մոտ, սակայն աչքի ընկնելուն ավելի մոտ էին տանտերերը։ Հատկապես հիշատակման է արժանի 56-րդ րոպեին Ֆաբիան Օրելյանայի կատարած հարվածը, ինչից հետո մադրիդյան ակումբին հերթական անգամ փրկեց Կուրտուան։

66-րդ րոպեին, ամեն դեպքում, «սերուցքայինները» ապացուցեին իրենց բարձր կարգը և կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով՝ բացեցին խաղի հաշիվը։ Տոնի Կրոսի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Կազեմիրոն գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Նախքան գոլը հանդիպման տեմպը ցածր էր, իսկ գոլից հետո այն ավելի ընկավ, ինչը միանշանակ Զինեդին Զիդանի թիմի սցենարի մի մասն էր։

Խաղավերջում «Վալյադոլիդը» ոչինչ չկարողացավ առաջարկել ահեղ մրցակցին, իսկ մադրիդյան ակումբը պահպանեց նվազագույն առավելությունը՝ հաղթելով 1։0 հաշվով։

Այսպիսով, «Ռեալը» ծանր խաղում հաղթեց 1։0 հաշվով, վաստակեց 52 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Արքայական» ակումբն օգտվեց առաջնության առաջատար «Ատլետիկոյի» նվերից, որն ընթացիկ տուրում սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։ «Հնդակցիները» մնացին 55 միավորով, սակայն մեկ խաղ դեռևս պակաս են անցկացրել իրենց համաքաղաքացիների համեմատ։

«Վալյադոլիդը» ունի 21 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023