Սկոպյեից Շտուտգարտ․ Մարաթոնյան վազքը շարունակվում է

Սկոպյեից Շտուտգարտ․ Մարաթոնյան վազքը շարունակվում է

04/09/2021 - 18:32

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2022 թ. որակավորման փուլի J խմբի իր չորրորդ հանդիպումը անցկացրեց Սկոպյեում։ «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն անցավ Հյուսիսային Մակեդոնիայի տարածքային առավելությամբ և ավարտվեց ոչ-ոքի` 0:0։ Այս հանդիպումը մարաթոնյան վազքի մի մասն է, և չի կարելի մի առանձին խաղը դուրս հանել ողջ մրցաշարային իրավիճակից, սակայն ցանկանում ենք վերլուծել հյուսիսմակեդոնացիների դեմ կայացած հանդիպումը։

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մարտավարությունը

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին ընտրել էր 4-1-4-1 տակտիակական դասավորությունը:
Հենց խաղի մեկնարկեց պարզ դարձավ, որ մեր թիմը ընտրել է հակագրոհների մարտավարությունը։ Մակեդոնացիները ամեն կերպ փորձում էին թվային առավելության շնորհիվ ծանրաբեռնել մեր պաշտպանության աջ կողմը, բայց Հայաստանի Հավաքականի ֆուտբոլիստները լավ նախապատրաստվել էին նման մարտավարությանը և միշտ կանխում էին այն ու թույլ չէին տալիս, որ խաղադաշտի այդ հատվածում մակեդոնացիները թվային առավելություն ստանան։ Հատկապես ակտիվ էր Էգզիան Ալիոսկին, ով խաղում էր Հս․ Մակեդոնիայի պաշտպանության աջ եզրում, բայց, գրոհելիս վերադասավորվելով 3-5-2-ի, Մարսելո Բիելսայի նախկին ֆուտբոլիստը վերածվում էր կիսապաշտպանի։ Այդ կողմ էր տեղափոխվում նաև իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Էլիֆ Էլմասը։

Մրցակցի այս մարտավարությունը ձախողելու համար հատկապես օգտակար եղավ Սարգիս Ադամյանը։ Մեր ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք կատարեց, ով ամեն կերպ տեղափոխվում էր աջ կողմ, որպեսզի չթողնի վերը նշված թվային առավելության հաստատումը, իսկ հակագրոհների դեպքում միշտ փորձում էր պահել հարձակման գծի լայնույթը։

Մեծ հավանականությամբ Բլագոյա Միլևսկին իր թիմի հարձակման աջ կողմում նման համարձակ մարտավարություն էր ընտրել, քանի որ մեր կազմից բացակայում էր Տիգրան Բարսեղյանը և, սպառնալիք չզգալով այդ եզրից, գրոհների գերակշիռ մասը կազմակերպում էր հենց մեր աջ թևով, և հենց նաև այդ էր պատճառը, որը Ալիոսկին առանց ետ նայելու վստահ միանում էր գրոհներին։

Հայաստանի հավաքականի մարտավարությունը

Մեր ազգային թիմը խաղադաշտ էր դուրս եկել 4-4-2 սխեմայով։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա. որոշ կայքեր պատկերել էին Խոակին Կապառոսի թիմին 4-3-3 տակտիկական դասավորությամբ, բայց այն միայն թղթի վրա գոյություն կարող էր ունենալ, քանի որ մեր թիմը խաղում էր 4-4-2, որը պաշտպանվելիս վերածվում էր 4-5-1 կամ 4-6-0-ի, ինչը չի նշանակում, որ մեր թիմը պաշտպանվում էր առանց հարձակման միտում ունենալու։ Հենրիխ Մխիթարյանը միշտ կարողանում էր գնդակ ստանալ հակագրոհը զարգացնելու համար, իսկ երկու կողմերից նրան միանում էին տարբեր ֆուտբոլիստներ։ Այսինքն մեր թիմի խաղացողները բավական բարձր դիրքում էին դիմավորում հյուսիսմակեդոնացիներին և չէին սեղմվում սեփական տուգանային հրապարակում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե մենք խոսենք խաղի մարտավարության մասին ու նայենք թվերին (իսկ թվերը երբեք չեն ստում), ապա կտեսնենք, որ մեր մարզչի որոշումը ավելին, քան արդարացած է, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեր թիմից բացակայում էին երեք առանցքային ֆուտբոլիստներ։ Հս․ Մակեդոնիայի ֆուտբոլիստները, ունենալով տարածքային առավելություն (67% – 33%), դարպասին հարվածել են ընդամենը մեկ անգամ, իսկ մեր թիմը՝ երեք։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը հստակ կատարեց Խոակին Կապառոսի առաջադրանքը։

Բազմիցս նշել ենք, որ Կապառոսի գլխավորությամբ մեր թիմի գլխավոր ձեռքբերումները խաղային ձեռագիրն ու ճանաչելիությունն են։ Նման խաղով պարտվելն էլ դատավճիռ չէ, քանի որ ամենակարևորը կա հստակ խաղ, ֆուտբոլային դիմագիծ, ԴՆԹ, որոնք պետք է պահել, փայփայել ու զարգացնել։

Այս հանդիպումը չի կարելի ընդունել որպես առանձին խաղ. այն որակավորման փուլի J խմբում բարձր տեղ զբաղեցնելու ևս մեկ քայլ է։ Երբ նայում ենք մրցաշարային աղյուսակին և այնտեղ տեսնում ենք մեր ընտրանուն առաջին հորիզոնականում, իհարկե, նման պատկերը աչք է շոյում, բայց պետք է հասկանալ, որ սա մարաթոնյան վազք է, և կարևոր է, թե մրցաշարային աղյուսակի որ հորիզոնականում մեր ընտրանին կեզրափակի վերջին տուրից հետո։ Այսինքն` մեր թիմն ունի հատուկ մարտավարություն, որը կարող է փոխվել նաև մրցակցի խաղերի արդյունքներից։ Մեր թիմի վերջին հաղթանակները մեզ սովորեցրին պահանջկոտ լինել, ինչը լավ է, բայց պետք չէ կորցնել իրատեսությունը, պարզապես, վստահենք մարզչին ու ֆուտբոլիստներին։

Հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 5-ին Գերմանիայի հավաքականի դեմ է լինելու։ Իհարկե, բարդ է լինելու։ «Բունդեսթիմն» ունի նոր գլխավոր մարզիչ և նոր մտքեր ու թարմ գաղափարներ, բայց մենք էլ ունենք մեր ասելիքը։ Այս մարաթոնյան վազքում, որը բաղկացած է տասը եզրափակիչներից, մեր թիմը հպարտ քայլում է առաջ և ստիպում է մեզ էլ հպարտանալ նրանով։
Եվս վեց հանդիպում, եվս վեց եզրափակիչ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով!!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023