Ռոման լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

Ռոման լուրջ առավելություն է ստանում պատասխան խաղից առաջ🎥

18/02/2021 - 23:51

Մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը, որի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց պորտուգալական «Բրագայի» դեմ։

Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ, քանի որ 5-րդ րոպեին «Ռոմայի» ֆուտբոլիստները կարողացան գոլի հեղինակ դառնալ․ Լեոնարդո Սպինացոլայի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Էդին Ջեկոն հանգիստ գրավեց Մաթեուսի դարպասը՝ առաջ մղելով հռոմեական ակումբին։

Հավելենք, որ գոլային դրվագում «գայլերի» գրոհը սկսեց Հենրիխ Մխիթարյանը, ով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտվնող Ամադու Դիավարային, վերջինս էլ ձախ եզրում գտավ Սպինացոլային և այդպես էլ ծնվեց գոլը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն հռոմեական ակումբի գրոհներն ավելի վտանգավոր էին։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց նույնպես հավասար պայքարում, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, պորտուգալական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով։

Կոպիտ խաղի պատճառով «Բրագայի» ֆուտբոլիստ Ռիկարդու Էսժայուն պատժվեց երկրորդ դեղին քարտով և գնաց «հանգստանալու»։

Ստանալով քանակական առավելություն՝ Պաուլու Ֆոնսեկայի սաները կրկին տիրեցին նախաձեռնությանը և 61-րդ րոպեին կրկնապատկեցին հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, չեղարկեց Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը՝ հայազգի կիսապաշտպանի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Որքան էլ տարօրինակ է, հռոմեական ակումբը երկար ժամանակ չէր փորձում օգտվել իր թվային առավելությունից և նույնիսկ ժամանակ առ ժամանակ գցում էր հանդիպման տեմպը, սակայն 87-րդ րոպեին, ամեն դեպքում, «գայլերը» կրկնապատկեցին իրենց առավելությունը։

Հենրիխ Մխիթարյանը հիանալի փոխանցումով Ժորդան Վերետուին դուրս բերեց մրցակցի տուգանային հրապարակ, ով էլ իր հերթին դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Բորխա Մայորալին․ իսպանացին հաշիվը դարձրեց 2։0։

Այսպիսով, «Ռոման» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Բրագային» և պատասխան խաղից առաջ ստանում է լուրջ առավելություն։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023