ՉԼ․ կայացած հանդիպումների արդյունքները🎥

ՉԼ․ կայացած հանդիպումների արդյունքները🎥

21/10/2020 - 12:41

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Արդեն կայացել է 8 հանդիպում և այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։

E խմբի երկու խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի։ Տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Բացարձակ հավասար խաղում կողմերն այդպես էլ որևէ դարպասի գրավում չարձանագրեցին, իսկ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Չեմպիոնների լիգայի շրջանակում իր նորամուտը նշեց ռուսական «Կրասնոդարը», որը պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլին։

Մուրադ Մուսաևի սաները հյուրընկալվել էին «Ռենին»։ Խաղի մեծ մասում ֆրանսիական ակումբն ուներ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացավ գրավել Մատվեյ Սաֆոնովի պաշտպանած դարպասը, այն էլ 11 մետրանոց նշակետից․ 59-րդ րոպեին աչքի ընկավ Սերխու Գիրասին։

Շատ չանցած՝ 59-րդ րոպեին, «Կրասնոդարը» հավասարեցրեց հաշիվը․ հեռահար հարվածով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Ռամիրեսը։

Խաղի մնացած ժամանակահտվածում ֆրանսիական ակումբն ուներ լուրջ առավելություն և առնվազն 3 անգամ կարող էր գրավել Սաֆոնովի պաշտպանած դարպասը, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց հաղթանակ կորզել։ Հանդիպման հերոսը, իհարկե, ռուսական ակումբի դարպասապահն էր, քանի որ Սաֆոնովը 6 սեյվի հեղինակ դարձավ՝ արժանիորեն ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։

E խումբ

«Կրասնոդար» – 1 միավոր

«Ռեն» – 1 միավոր

«Չելսի» – 1 միավոր

«Սևիլիա» – 1 միավոր

«Լացիոն», որը վերջին անգամ ՉԼ խմբային փուլի մասնակցել էր 2007/08 մրցաշրջանում, հիանալի մեկնարկեց մրցաշարում։

Սիմոնե Ինձզագիի սաները Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեցին F խմբի իրենց հիմնական մրցակցի՝ «Բորուսիա Դորտմունդի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։

Խաղն անցավ փոխնիփոխ վտանգավոր գրոհներով, կողմերն ունեցան բազում գոլային պահեր, սակայն «արծիվները» ավելի լավ օգտագործեցին իրենց հնարավորությունները։ «Լացիոյին» հաղթանակ պարգևեցին Չիրո Իմոբիլեն և Ժան Դանիել Ակպա-Ակպրոյի խփած գոլերը, իսկ դորտմունդյան ակումբի դարպասապահ Մարվին Հիթցը դարձավ գրավեց սեփական դարպասը։ «Իշամեղուների» միակ գոլն էլ խփեց Էրլինգ Հալանդը։

Խմբի մյուս խաղում Բելգիայի չեմպիոն «Բրյուգեն» շատերի համար խոշոր անակնկալ մատուցեց՝ հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթելով «Զենիթին»։

Խաղի հաշիվը 63-րդ րոպեն Էմանուել Դենիսի ջանքերի շնորհիվ բացեցին խաղի հյուրերը։ Սերգեյ Սեմակի սաները 11 րոպե անց խփեցին պատասխան գնդակը․ Դեյան Լովրենի հարվածից հետո «Բրյուգեի» դարպասապահ Էթան Խորվաթը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Երբ թվում էր՝ խաղը պետք է ավարտվի ոչ-ոքի, բելգիական ակումբը հաղթանակ կորզեց․ 90+3-րդ րոպեին իր թիմի հաղթական գոլը խփեց 19-ամյա վինգեր Շարլ դե Կետելարեն։

F խումբ

«Լացիո» – 3 միավոր

«Բրյուգե» – 3 միավոր

«Զենիթ» – 0 միավոր

«Բորուսիա Դորտմունդ» – 0 միավոր

E խմբի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» 0։2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ։

Անդրեա Պիռլոյի սաները երկրորդ խաղակեսում մեծացրին ճնշումը և երկու անգամ գրավեցին Գեորգի Բուշանի դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան։

«Բարսելոնան» էլ սեփական հարկի տակ «Ֆերենցվարոշի» դեմ կայացած խաղում որևէ հնարավորություն չտվեց մրցակցին՝ հաղթելով 5։1 հաշվով։

68-րդ րոպեի դրությամբ կատալոնական ակումբը հաղթում էր 3։0 հաշվով․ գոլերի հեղինակներ էին դարձել Լեո Մեսսին, Անսու Ֆաթին և Ֆիլիպե Կոուտինիոն, սակայն հունգարական ակումբը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, իսկ Ժերար Պիկեն վերջի հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից։ Նշակետին մոտեցավ Իգոր Խառատինը, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը։

Նույնիսկ 10 հոգով «Բարսելոնան» խաղավերջում շատ ավելի լավ տեսք ուներ, քան հյուրերը, ինչն էլ նպաստեց, որ փոխարինման դուրս եկած Պեդրին և Ուսման Դեմբելեն ձևակերպեցին խաղի վերջնահաշիվը։

G խումբ

«Բարսելոնա» – 3 միավոր

«Յուվենտուս» – 3 միավոր

«Դինամո Կիև» – 0 միավոր

«Ֆերենցվարոշ» – 0 միավոր

1-ին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ H խմբում, որի շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ-դե-Պրենս» մարզադաշտում ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Կարմիր սատանաները» Փարիզում հերթական հաղթանակը տարան՝ կրկին շոկի ենթարկելով ՊՍԺ-ի երկրպագուներին։ Եթե 2018/19 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում մանկունյական ակումբը հաղթեց 1։3 հաշվով, ապա այս անգամ գրանցվեց 1։2 հաշիվը ու նորից հաղթական գնդակը գրանցվեց խաղավարտին մոտ, սակայն ամեն ինչ հերթով։

Խաղի հաշիվը բացվեց 23-րդ րոպեին, երբ 11 մետրանոցից աչքի ընկավ «Յունայթեդի» առաջատար Բրունո Ֆերնանդեշը, իսկ 55-րդ րոպեին «Պարի-Սեն Ժերմենի» ֆուտբոլիստների իրացրած անկյունային հարվածի խաղարկումից հետո Անտոնի Մարսիալը գնդակը գլխով պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը։

Խաղավարտին մոտ Թոմաս Տուխելի սաները տիրել էին նախաձեռնությանը և փորձում էին պաշարել հյուրերի տուգանային հրապարակը՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, սակայն Դավիդ դե Խեան դրվագներից մի քանիսում փրկեց իր թիմին վերահաս գոլից։ Այդ ընթացքում փարիզյան ակումբի ֆուտբոլիստները բավականին լուրջ տարածություններ էին տալիս «ՄՅՈՒ»-ի ֆուտբոլիստներին, որոնք էլ վտանգավոր հակագրոհում էին, որոնցից մեկի արդյունքում էլ 88-րդ րոպեն Մարկուս Ռեշֆորդը ծանր հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս խմբի մյուս խաղում «Լայպցիգը» Անխելինիոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով առավեության հասավ «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ։

H խումբ

«Լայպցիգ» – 3 միավոր

«Մանչեսթեր Յունայթեդ» – 3 միավոր

«Ինստանբուլ Բաշակշեհիր» – 0 միավոր

ՊՍԺ – 0 միավոր

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023