Շերիիիիֆ!!! Մոլդովական ակումբը շոկի ենթարկեց Ռեալին` հաղթելով Սանտիագո Բերնաբեուում🎥

Շերիիիիֆ!!! Մոլդովական ակումբը շոկի ենթարկեց Ռեալին` հաղթելով Սանտիագո Բերնաբեուում🎥

29/09/2021 - 00:52

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շերիֆի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «արքայական» ակումբն ուներ առավելություն և տիրել էր նախաձեռնությանը, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Մոլդովայից ժամանած հյուրերը 25-րդ րոպեին նետվեցին հակագրոհի և Ժասուր Յախշիբոևի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «Ռեալը» գլխապտույտ առաջացնող գրոհներ էր ձեռնարկում «Շերիֆի» դարպասի ուղղությամբ` ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր, սակայն կա՛մ մոլդովական ակումբի դարպասապահ Գիորգիոս Աթանասիադիսը հրաշքներ էր գործում կա՛մ էլ տանտերերը վրիպում էին անհավանական դիրքերից։

Նման վրիպումներից կարելի է առանձնացնել հատկապես 35-րդ րոպեին Նաչոյի դրվագը, երբ իսպանացի պաշտպանը 2-3 մետրից դատարկ դարպասի դիմաց գլխով շեղ հարվածեց։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Շերիֆի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակոսում էլ պատկերը նույնն էր. Կառլո Անչելոտիի թիմն անդադար գրոհում էր, իսկ «Շերիֆը»` հերոսաբար պաշտպանվում։

Այդպես շարունակվեց մինչև 65-րդ րոպե, երբ Վինիսիուսը 11-մետրանոց հարված վաստակեց իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Կարիմ Բենզեման։

Պատասխան գոլից հետո «սերուցքայինները» նույն տեմպով գրոհում էին, սակայն Աթանասիադիսը դարպասյին գծի վրա շարունակում էր հրաշքներ գործել։

Այդքանից հետո գործեց ֆուտբոլի չգրված գլխավոր օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ…» 90-րդ րոպեին հյուրերն երկրորդ կեսի իրենց միակ իրական գոլային պահը վերածեցին գոլի. ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Թիլը։

«Ռեալի» ֆուտբոլիստներին չհաջողվեց փրկել խաղը. «Շերիֆը» հաղթեց 2:1 հաշվով։

Այս խաղից հետո D խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Շերիֆ» – 6 միավոր
  2. «Ռեալ Մադրիդ» – 3 միավոր
  3. «Ինտեր» – 1 միավոր
  4. «Շախտյոր» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023